21-րդ դարի կեսին մոլորակային քաղաքակրթությանը հզոր անցումային շրջան է սպասվում` կամ խորտակում, կամ բեկումնային առաջընթաց: Զարգացման դրական սցենարի դեպքում մեր մոլորակին վերակառուցում է սպասվում ցանցային սկզբունքով: Կդադարեն գոյություն ունենալուց կրոնական ուղղությունները, ազգերը, ազգային պետությունները: Պետական սահմանները կշարունակվեն վերանալ, և աշխարհի թափանցիկությունը բոլոր չափորոշիչներով կշարունակի մեծանալ: 1news.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել մշակութային մարդաբանության և հոգեբանության մասնագետ Հակոբ Նազարեթյանը`պատասխանելով ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր տարբերակի մասին հարցին:
Ըստ փորձագետի` Անդրկովկասն իր բազմակողմ և բազմաշերտ հակասություններով դրական սցենարի դեպքում կարող է դառնալ զարգացման առաջատարներից մեկը:
«Դրա համար գրավիչ հանգամանք կարող է դառնալ Անդրկովկասյան կոնֆեդերացիայի ստեղծումը` ինքնակազմակերպվող տարածաշրջաններով և լողացող մայրաքաղաքներով, և այդ ժամանակ Աբխազիայի, Օսիայի, Ղարաբաղի և այլ շրջանների խնդիրները բնական ճանապարհով կլուծվեն: Վերոնշյալ խնդիրներից բացի, մենք գիտենք, որ Վրաստանում, օրինակ, կա շրջան, որտեղ համախմբված ապրում են ադրբեջանցիներ: Ադրբեջանում ապրում են ինգիլոյներ, որոնք իրենց, կարծես, վրացի են համարում, բայց շարունակում են մնալ մահմեդական, ապրում են լեզգիններ, թալիշներ և այլն: Հայաստանում էլ շրջանների, կամ էլ հենց ղարաբաղցիների և երևանցիների միջև հարաբերությունները միայն արտաքինից են այդքան հարթ թվում»:
Նազարեթյանը հայտարարել է, որ ազգայնական և տարածաշրջանային ինքնավար մարզերի մասին խոսակցություններն անիմաստ են, քանի որ գոյություն ունեն սահմանադրությունների միասնական համակարգեր, որոնք թույլ չեն տալիս ինքնավար տարածքներ ձևավորել. «Այդ իսկ պատճառով տեսանելի ապագայում, զանգվածային բացատրական արշավները կարելի էր և սկսել սահմանադրության փոփոխությամբ համազգային քննարկումների և քվեարկության միջոցով: Փոխել միացյալ սահմանադրությունները դաշնայինի, և միայն դրանից հետո կարելի կլինի լուրջ խոսել ինքնավար միավորումների, զուգահեռ կառավարման և այլնի մասին»: