ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է արդարադատության համակարգի բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը, որի նպատակն է լինելու առնվազն կրկնակի անգամ նվազեցնել արադատության նկատմամբ անվստահության մակարդակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Արդարադատության նախարարը նշել է, որ ներկայում դատական համակարգի նկատմամբ անվստահությունը կազմում է 70-80 տոկոս, որը ծրագրով նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսի:
«Ծրագրով նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնց թվում են լինելու պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների հստակեցումը, դատավորների գնահատման համակարգի ներդրումը, պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացումներում չարաշահումների բացառումը և այլն», – ասել է Թովմասյանը:
Նրա խոսքով՝ դատական համակարգի բոլոր մեխանիզմները` թափանցիկություն, դատական աշխատողների պատասխանատվություն, նրանց աշխատանքի գնահատում, պետք է գտվնեն բարձր մակարդակի վրա, ինչը թույլ կտա հայտնաբերել դատական սխալն ու հասկանալ դրա պատճառները:
Թովմասյանի տեղեկացմամբ՝ ստեղծվել է արդարադատության նախարարությանն առընթեր Եվրոպական դատարանի նախադեպերի փորձագիտական խումբ, որն ուսումնասիրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի հետ կապ ունեցող վճիռները: Դրա նպատակն է լինելու, որպեսզի 3-4 տարիների ընթացքում վերացվեն այն դեպքերը, երբ ՀՀ-ն ՄԻԵԴ-ում կպարտվի՝ օրենսդրական բացի պատճառով: Ուսումնասիրության արդյունքում կվերացվեն հայաստանյան օրենսդրության անհամապատասխանությունները: