Հայաստանի ներկա քաղաքական վիճակն ակտիվ է և կայուն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ընտրական զարգացումներ են սպասվում, կուսակցությունները փնտրտուքի մեջ են, փորձում են իրենց ռազմավարությունը մշակել, փորձում են ավելի ներկայանալի դառնալ ժողովրդին: Կարծում եմ, որ ընթացքը գոհացուցիչ է ընդհանուր առմամբ: Այս պահին քաղաքական ինտրիգներ չեն սպասվում», – ասել է Սահակյանը:
Լրագրողի այն հարցին, թե որ պահին են սպասվում ինտրիգները, Սահակյանը պատասխանել է, որ պետք է ընտրական օրենսգրքին լավ ուշադրություն դարձնել` «այն պահին, երբ սկսվում է քարոզչությունը»:
Լրագրողը ևս մեկ հարց է ուղղել` արդյոք ընտրական օրենսգրքում հենց այդպես էլ գրված է:
«Կարծում եմ` հասկանալու խնդիր կա», – ասել է Սահակյանը:
Այն հարցին, թե արդյոք գալիք խորհրդարանական ընտրություններին Սահակյանը լինելու է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, պատգամավորն ասել է.
«Եթե դուք մեծ ցանկություն ունենաք, ես կլինեմ, իսկ եթե դուք ցանկություն չունենաք, ես կլինեմ: Ես ավելի շատ կարծում եմ, որ ես ավելի բարձր ծանրաձողի կողմնակից եմ, ես միշտ կլինեմ քաղաքական դաշտում»:
Նա նաև նշել է, որ ՀՀԿ-ն դեռևս համամասնականի ցուցակներ չի քննարկել:
Անդրադառնալով նաև այն հարցին, թե արյոք հաջորդ խորհրդարանում կլինեն գործարարներ, թե ոչ` Սահակյանն ասել, որ ՀՀԿ-ի որդեգրած սկզբունքը հետևյալն է. ԱԺ-ում նրանք կլինեն, ովքեր ակտիվ են և իրենց առաջին գործը կհամարեն պատգամավորական գործունեությունը, անկախ նրանից գործարար են, թե ոչ: