Այսօր Մոսկվայի պետական համալսարանի լրագրողական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանում ճնշում կա ԶԼՄ-ների վրա:
Միաժամանակ նախագահն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ երկրում այդպես լայնորեն են ներկայացված հեռարձակող պետական ընկերությունները:
«Բայց ինչ-որ անսանձ գրաքննություն գոյություն չունի»,- Մեդվեդևի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»: Մի քանի պետական հեռուստաալիքների փոխարեն նախագահը առաջարկել է ստեղծել մեկը, բայց ուժեղը, որը միաժամանակ գրաքննությունից զերծ կլինի:
«Պետությունը պետք է մեկ, լիարժեք պետական ալիք ունենա, որի միջոցով կկարողանա իր տեսակետը հասցնել մարդկանց»,- ասել է նախագահը:
Մեդվեդևը նշել է, որ ոչ համակարգային ընդդիմության մի մասը, որը դժգոհ է ԶԼՄ-ներում ոչ բավարար մակարդակով լուսաբանվելուց, կկարողանա ստեղծել իր կուսակցությունները: