Այսօր կեսօրին` ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրիում տղա է ծնվել, որի անունը, ի պատիվ Ֆրանսիայի նախագահի, դրել են Սարկոզի: Այս մասին գրում է Aravot.am-ը` հղում կատարելով Գյումրու ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանին:
Հարցին, թե ում առաջարկով են երեխային կոչել Սարկոզի, ծննդատան տնօրենը պատասխանեց՝ ծնողներն ինքնակամ են որոշել. Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի ընդունումից անչափ ոգևորված` նրանք որոշել են իրենց շնորհակալությունն այս կերպ հայտնել:
Փոքրիկ Սարկոզին ծնվել է երեք կիլոգրամ քաշով, Ախուրիկ համայնքից է, իր ծնողների առաջնեկն է, հայրը չի աշխատում:
Սարկոզիի երիտասարդ ծնողներին Գյումրու ծննդատանը հանձնել են երեխայի առողջապահության հավաստագիրն ու անձնագիրը, որտեղ արդեն իսկ ֆիքսված է նրա անուն-ազգանունը` Սարկոզի Ավետիսյան:
Սարկոզիի ծնվելու պատվին առաջինը մաղարիչ է արել Հանրապետական կուսակցությունը, 200 դոլար է նվիրել սոցիալապես անապահով այս ընտանիքին: Նորածնային պարագաներ նվիրել է նաև ծննդատան ղեկավարությունը:
Նշենք, որ Սարկոզիի հայրը` Կարապետը, հրաժարվել է կուսակցական քավոր ունենալուց. Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկը` Թոմիկ անունով, ցանկացել է դառնալ երեխայի քավորը, սակայն հայրը հրաժարվել է նրա առաջարկից` պատճառաբանելով, որ իրենք ունեն իրենց քավորը:
Լուսանկարը` aravot.am-ի