Ամերիկյան Չիկագո քաղաքի դաշնային դատարանի ատենակալները որոշել են 32-ամյա Սեդեուս Խիմենեսին 25 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար վճարել` որպես բարոյական վնասի փոխհատուցում, քանի որ վերջինս դատարանի սխալ վճռի պատճառով ստիպված է եղել 16 տարի բանտում անցկացնել:
1993 թվականին 13-ամյա Խիմենեսը ձերբակալվել էր 19-ամյա երիտասարդի սպանելու մեղադրանքով: Արդյունքում նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 45 տարվա ազատազրկման: Սակայն 2009 թվականին վկաներից մեկը հրաժարվել է իր ցուցմունքներից, իսկ ավելի ուշ Ինդիանա նահանգի բնակիչը խոստովանել է, որ ինքն է հանցագործության պատասխանատուն: 2010 թվականին Խիմենեսի վրայից հանվել էին բոլոր մեղադրանքները, ինչը թույլ է տվել նրան դատարանի դեմ հայց ներկայացնել` պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում:
Խիմենեսի փաստաբանի խոսքով` սա թերևս ամենախոշոր փոխհատուցումն է, որ երբևէ տրվել է ԱՄՆ-ում` դատական վճռից տուժած քաղաքացու: Փաստաբանը նշել է, որ դեռևս գործի սկզբում քննիչները ապացույցներ էին հավաքել նրա անմեղության վերաբերյալ, սակայն դատարանում չէին ցանկացել փոփոխել արդեն իսկ ընդունված մեղադրական վճիռը:
Այդուհանդերձ Խիմենեսը դեռ այնքան էլ շուտ չի կարողանա օգտագործել այդ գումարը, քանի որ նախորդ տարվա դեկտեմբերին նրան մեղավոր են ճանաչել թմրանյութի ապօրինի պահման մեջ, որի պատճառով նրան այժմ մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում: