Ցմահ դատապարտյալների հիմնահարցերին նվիրված այսօր կայացած կլոր սեղանի ժամանակ քննարկվեցին երկու խնդիրներ, որոնց իրավական արդարացվածությունը վիճահարույց է, և քննարկման մասնակիցների կարծիքով` դրանց անարդար լինելը հանգեցրել է ցմահ դատապարտյալների հիմնախնդիրների:
Ըստ մասնագետների` Ռոբերտ Քոչարյանի ընդունած հրամանագիրը, որով մահապատժի դատապարտված 38 մարդ դատապարտվել էր ցմահ ազատազրկման, օրենքի խախտում է ՄԻ եվրոպական կոնվենցիայի տեսանկյունից և չի համապատասխանում նաև ՀՀ Սահմանդրության սահմանած կարգին:
Իրավաբան Արայիկ Ղազարյանի խոսքով` ՄԻ եվրոպական կոնվենցիայի համաձայն` Ռոբերտ Քոչարյանը` որպես ՀՀ նախագահ, իրավունք ուներ միայն ներում շնորհել, սակայն իրավունք չուներ պատիժ սահմանել. դա դատական իշխանության գործառույթն է:
«Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածն ասում է` պատիժ միայն օրենքի հիման վրա պետք է տրվի: Սակայն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը ասում է` համաներումը պատժի մեղմացումը չի ենթարկվում այդ 7-րդ հոդվածին, որովհետև դա պատժի կիրառման ոլորտից է, ոչ թե պատժի նշանակման ոլորտից»,- ասել է Արայիկ Ղազարյանը` հավելելով, որ այդ 38-ի Եվրոպական դատարան դիմելու դեպքում հնարավոր է Հայաստանը խնդիրներ ունենա:
«Մեր օրենսդրության տեսակետից ևս նախագահի հայտարարությունը պատիժ սահմանել է: Այդ 38 դատապարտյալների հարցով դատարանի սահմանած և, օրինական ուժի մեջ մտած դատական ակտում գրված է, որ դատարանը անփոփոխ է թողնում մահապատիժը` ցմահ ազատազրկմամբ փոխարինելով «նախագահի կողմից սահմանված պատիժը»,- ասել է իրավաբան Վահե Գրիգորյանը:
Երկրորդ հիմնահարցը, որ անհանգստացնում է ցմահ ազատազրկվածների գործով զբաղվող «Ցմահ դատապարտվածների աջակցության քաղաքացիական նախաձեռնությանը», այն է, որ 2010 թ. կատարված օրենսդրական փոփոխությունը, որով ազատազրկման առավելագույն չափը սահմանվեց 20 տարի` 15-ի փոխարեն, փաստացի չի անդրադառնում մինչ փոփոխությունը քննված դեպքերի վրա:
«Որոշ գործերում, համարելով 15 տարին մեղմ պատիժ, դատավորները նախկինում գերադասում էին ցմահ ազատազրկման դատապարտել: Ենթադրվում էր, որ առավելագույն 20 սահմանելը կկրճատեր նաև ցմահ դատապարտված անձանց թիվը: Սակայն բոլոր 97 ցմահ դատապարտյալները, ովքեր դիմել են դատարան` իրենց պատիժը վերանայելու խնդրանքով` համարելով, որ փոփոխությունը հետադարձ ուժ ունի, մերժվել են դատարանի կողմից»,- ասել է Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը և համոզմունք հայտնել, որ դատարանը սխալ է, քանի որ, եթե այդ մարդիկ դատվեին հիմա, ապա ոչ բոլորը կդատապարտվեին ցմահ ազատազրկման:
Epress.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը տվյալ նյութում թույլ տված սխալի համար: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան փոխարեն նյութում նշվել էր Սերժ Սարգսյանի անունը: