Հոլանդիայի Վեյկ-ան-Զեեում անցկացվող «Թաթա Սթիլ» շախմատային գերմրցաշարի ավարտից հետո հայկական շախմատում աննախադեպ ցուցանիշ կարող է գրանցվել՝ հայաստանցի գրոսմայսթեր Լևոն Արոնյանը կարող է դառնալ համաշխարհային վարկանիշային ընթացիկ դասակարգման առաջատար։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարզական վերլուծաբան Արմեն Նիկողոսյանը:
Երեկ ազգությամբ հնդիկ, Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի նկատմամբ տարած հաղթանակից հետո Արոնյանի ընթացիկ վարկանիշը հասել է 2826,5-ի։ Այս ցուցանիշը 3-րդն է շախմատի պատմության մեջ ընդհանրապես, ավելի բարձր վարկանիշներ երբևէ ունեցել են Գարի Կասպարովը` 2851 ու նորվեգացի Մագնուս Կառլսենը։ Վերջինս երեկ ոչ ոքի խաղաց, ու նրա վարկանիշը այսօրվա դրությամբ հավասար է 2833,8-ի։ Վեյկ-ան-Զեեում հաջող ելույթների շնորհիվ Արոնյանի ընթացիկ վարկանիշն աճել է 21,5 կետով, իսկ Կառլսենինը նվազել է 1,2-ով։ Դասակարգման հաջորդ պաշտոնական աղյուսակը ՖԻԴԵ-ն կհրապարակի մարտի 1-ին։ Թե ինչպիսին կլինեն ցուցանիշները, կախված է Վեյկ-ան-Զեեում կայանալիք վերջին երեք տուրերի արդյունքներից:
Արոնյանի մրցակիցներն ըստ հերթականության կլինեն չեխ Դավիդ Նավարան, Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդը և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, ընդ որում, միայն Գելֆանդի հետ Լևոնը կխաղա սևերով։ Նշենք, որ առայժմ մրցաշարում անցկացրած սպիտակներով բոլոր պարտիաներում Արոնյանը հաղթանակ է տոնել:
Վերջին երեք տուրերում Կառլսենից ավելի շատ միավորներ վաստակելու դեպքում Արոնյանը կարող է շրջանցել նորվեգացուն: Դա նաև կապված է այն բանի հետ, թե կոնկրետ որ մրցակցին և որ գույնով կհաղթի Արոնյանը:
Այս պահին կարելի է փաստել, որ Արոնյանը շատ մոտ է ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնելուն: