Երեկ առավոտյան «Ամերիա բանկի» աշխատակիցները ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության տասնյակից ավելի աշխատակիցների հետ մտել են «Հայաստան» հանրախանութի՝ Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող մասնաշենքը, այնտեղից ուժով հանել այդ պահին այնտեղ գտնվողներին և ներսից կողպել դուռը, գրում է «Հայկական ժամանակը»։ Նշենք, որ «Ամերիաբանկը» հանրախանութը սեփականատեր Փայլակ Հայրապետյանից վերցրել է վարկի դիմաց: Թե Հայրապետյանները, թե բանկը չեն ներկայացնում մանրամասներ, թե ինչ վարկի չմարման հետևանքով է ծագել այս խնդիրը։ «ՀԺ»-ի տեղեկությունների համաձայն, խոսքը մոտ 10 մլն դոլար վարկի մասին է, որի դիմաց Հայրապետյանները գրավադրել են հանրախանութի նշված մասնաշենքը և այլ անշարժ գույք։
Թերթի թղթակցի հետ զրույցում հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ձոհրաբյանը նշել է, որ ինքը դիմել է ոստիկանություն և ներկայացրել համապատասխան փաստաթղթեր այն մասին, որ տփալ տարածքի հետ կապված դատարանում վեճ կա, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը այլևս չպետք է միջամտի:
Նա, սակայն, ընդգծել է, որ երեկ բավական երկար ժամանակ չի կարողացել մուտք գործել վիճարկելի տարածք: Ի վերջո, ոստիկանությունը Ձոհրաբյանի ներկայացրած փաստարկների հիման վրա հրահանգ է ստացել հեռանալ տարածքից։
Ոստիկանության հեռանալուն պես փաստաբանը մուտք է գործել հանրախանութ՝ բանկի ներկայացուցիչների հետ խնդիրը քննարկելու նպատակով, սակայն նրան այս անգամ արդեն բանկի աշխատակիցներն են ուժով դուրս բերել տարածքից։
«Նրանք քաշքշեցին ինձ հետ հանրախանութի տարածք մուտք գործած աշխատակիցներին, և քաշքշոցի պահին պատահաբար ջարդվեց մի ապակի, որի փոքր բեկորը վնասեց բանկի աշխատակիցներից մեկին», – պատմել է փաստաբանը՝ տեղեկացնելով, որ դեպքի մասին ինքն անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը։
Ի վերջո, բանկի աշխատակիցներին հաջողվել է ամրանալ նշված տարածքում, և երեկ՝ ուշ երեկոյան դրությամբ տարածքը գտնվում էր բանկի տիրապետման տակ։
Ավելի ուշ Արա Ձոհրաբյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է. «Օրենսդիրը նախատեսել է հատուկ պետական մարմիններ, որպիսիք են դատարանը և ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որպեսզի կողմերի վեճերը լուծվեն այդ մարմինների կողմից։ Հակառակ դեպքում, եթե քաղաքացիները փորձեն իրենք իրենց վեճերը լուծել և մարդկանց վտարեն տարածքներից, կկիրառվի անօրինական բոնի ուժ, ինչը հղի է տարաբնույթ հետևանքներով։ Դրա համար կան հատուկ պատրաստված հարկադիր կատարողներ, որոնք հարկադրանքի միջոցներ կարող են կիրառել պետության անունից։ Մեր կարծիքով` բանկի գործողությունները, արտադատական կարգով ընկերության տիրապետման տակ գտնվող և վիճելի համարվող տարածքից մարդկանց վտարելու կապակցությամբ, իրավաչափ չէին»:
Փաստաբանը նշել է նաև, որ ընդհանրապես հանրախանութի տվյալ մասնաշենքի հանձնումը «Ամերիաբանկին» ապօրինի է։ Իր հերթին, «Ամերիաբանկը» երեկ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ տվյալ տարածքը պատկանում է իրեն.
«Ամերիաբանկը հավաստում և հաստատում է, որ նշված անշարժ գույքն օրենքով սահմանված կարգով անցել է Բանկի սեփականությանը՝ Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման հիմքով… Ամերիաբանկի կողմից տրամադրվել է ծանուցում նշված տարածքի վարձակալ հանդիսացող «Հայաստան» առևտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին՝ տարածքը մեկամսյա ժամկետում ազատելու վերաբերյալ, սակայն նշված պահանջը չի կատարվել։ Ներկայումս Բանկն իրականացնում է աշխատանքներ՝ նշված տարածքն ապօրինի տիրապետումից ազատելու ռղղությամբ։ Այդ աշխատանքները որևէ կերպ չեն անդրադառնա նշված տարածքում մանրածախ առևտուր իրականացնող անձանց վրա, որոնց առաջարկվել է օրենքով սահմանված կարգով վերակնքել համապատասխան պայմանագրեր»։
«Հայկական ժամանակի» տեղեկությունների համաձայն, երեկվա դրությամբ նշված տարածքում մանրածախ առևտրով զբաղվող անձանցից և ոչ մեկը նոր պայմանագիր չի կնքել «Ամերիաբանկի» հետ, և հայտնի տոնավաճառի այդ հատվածը երեկ ողջ օրը չի գործել։