Home / Հայաստան / Կազմակերպչական լեգեոններ, գաղափարական հրետանի, Սուտիբեկիչ. մարքսիստը պատրաստվում է ընտրություններին

Կազմակերպչական լեգեոններ, գաղափարական հրետանի, Սուտիբեկիչ. մարքսիստը պատրաստվում է ընտրություններին

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը հերքել է տարածված այն լուրերը, որ ինքը պատրաստվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ դառնալ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ «պատկանում է ժողովրդին, իսկ մնացյալ  բոլոր կուսակցությունների հետ ինքը խորհրդակցում է, բանավիճում է, կռվում է»:

«Իմ անունը ԲՀԿ-ի հետ կապել են այն բանից հետո, երբ Հանրային հեռուստատեսությունում իջևանյան հաղթարշավից ուղիղ մեկ շաբաթ առաջ Ալթունյան Գևորգը, չգիտեմ` ինչու, ասում էր` այ ձեզ մատաղ, էս աշխարհի միակ ու  վերջին մարքսիստն ա` ոչ փող ունի, ոչ զորք ունի, ինչքան ուզումա, թող խոսի: Մեկ շաբաթ հետո հանկարծ իմ թիկունքում հայտնվում են ԲՀԿ-ական լեգեոնները և այնտեղ` Իջևանում կատարվում է քաղաքապետի հերթափոխում ու վերջ», – ասել է Հակոբյանը:

Մարքսիստը վստահ է, որ ընտրություններում հաղթանակի համար հարկավոր է երկու գործոն`կազմակերպչական լեգեոններ և գաղափարական հրետանի:

«Երբ դու ազգին մատուցում ես, որ ազգը ոչ մի կուսակցական պատկանելություն չունի, պատմակենսաբանական միասնական կատեգորիա է, այնտեղ են և ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն,  ՀՀԿ-ի մի մասը, ՀԱԿ-ը, այսինքն`պետք է զերծ մնալ կուսակցական թայֆաբազությունից», – հայտարարել է Հակոբյանը:

Հակոբյանը նշել է, որ չի հետաքրքրվել, թե ում հետ է պայքարելու Տավուշի մարզի թիվ 41 ընտրարտարածքում, որտեղ ինքը առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով:

«Ինձ հետաքրքրում է միայն քաղաքական էլեկտորատը և կասեմ, որ բավական լուրջ էլեկտորատ է կանգնած իմ թիկունքում: Թե քանի տոկոս է կազմում իմ ընտրազանգվածը, խորհուրդ կտամ դիմել Սուտիբեկիչին (հավանաբար, նկատի ունի սոցիոլոգ Ահարոն Ադիկբեկյանին)», – ասել է նա:

Հակոբյանը համոզված է, որ բոլոր ընտրական հանձնաժողովները ծախված են ու կատարում են վերևների հրամանները: