Մամուլի և խոսքի ազատության համար պայքարող «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը բաց նամակ է հղել Ֆրանսիայի խորհրդարանականներին` կոչ անելով Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը տեղափոխել Սահմանադրական խորհուրդ:
«Հարգելի խորհրդարանականներ: Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում վերջերս ընդունված օրինագծի կապակցությամբ: Այս հարցի էությունը բազմաթիվ քննարկումների առարկա է դարձել, բայց հիմքեր կան դրա սահմանադրական լինելը կասկածի տակ դնելու համար: Օրենքի կողմնակիցների և ընդդիմադիրների, այդ թվում` առաջատար քաղաքական գործիչների միջև մտքերի փոխանակումը անդրադարձել է մեր հիմնարար իրավունքներին, այդ իսկ պատճառով օրինագիծը սատարողները պետք է հասկանան, որ Սահմանադրական խորհրդի կարծիքը անհրաժեշտություն է: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում ձեզ դիմել Խորհրդին:
Օրինագծում մեզ մտահոգող 4 առանցքային կետեր կան. խոսքի ազատ արտահայտման խնդիրը, հանցանքի և պատժի միջև համապատասխանության բացակայությունը, խորհրդարանի կոմպետենտության խախտումը և ձևակերպման մեջ հստակության բացակայությունը:
Մենք լիովին կիսում ենք օրինագծի ընդունմանը կողմ հանդես եկող մեր ընկերների` արդարության հասնելու ձգտումը և լիովին հասկանում ենք զոհերի ժառանգների ցավը: Ցեղասպանության ժխտման և ատելության դեմ պայքարի անհրաժեշտությունն ակնհայտ է: Բայց մենք պետք է ընդգծենք, որ դրանք չեն կարող իրագործվել խոսքի ազատության սահմանադրական սկզբունքի խախտումի գնով:
Պատմական փաստը անհերքելի դոգմայի վերածելը դուռ է բացում վտանգավոր նախադեպերի համար: Սա հենց այն է, ինչ անում են թուրքական իշխանությունները` դատապարտելով նրանց, ովքեր կարծում են, որ 1915 թվականին հայերի Ցեղասպանություն է տեղի ունեցել:
Ինչպիսի՞ երաշխքիներ են մեզ ապահովագրում հետագա էքսցեսներից: Շատ Ցեղասպանություններ ուշադրություն են պահանջում, և եթե օրենսդիր մարմինները վաղը «ճանաչեն» տասնյակ Ցեղասպանություններ, պատմական հետազոտությունները կվերածվեն ականապատ դաշտի: Արդյո՞ք Ցեղասպանությունների հերքման պրոցեսը դառնում է «նոր սրբապղծություն», ինչպես ասել է իրավաբան Լեկլերկը:
Ներկայիս օրենքով նախատեսված տուգանքը ոչ պարտադիր է, ոչ էլ համաչափ, իսկ ազատազրկումը խոսքի արտահայտման համար հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական հռչակագրին, ԵԱՀԿ-ի սկզբունքներին և այլ միջազգային պարտավորություններին:
Մեկ այլ խնդիր էլ կա, որը արդարացնում է այս օրինագծի փոխադրումը Սահմանադրական խորհուրդ: Խորհրդի նախկին նախագահներից մեկը` Ռոբերտ Բադինտերը, ասել էր. «Ֆրանսիայի խորհրդարանը Սահմանադրությամբ չէր արտոնվել պատմական փաստ որոշել»:
Եթե խորհրդարանականները փորձում են համաշխարհային պատմության վերաբերյալ դատողություններ անել, ապա արդյո՞ք դա տեղավորվում է իշխանության կիսման սկզբունքներին»,- մասնավորապես, ասված է նամակում:
Հեղինակները վերջում նշում են, որ ինչպես ժողովրդավարությունը չի կարող պարտադրվել ատրճանակի սպառնալիքով, այնպես էլ հայացքների էվոլյուցիան և ազգային համերաշխությունը չի կարող փաթաթվել մարդկանց վզին բռնաճնշումների և այլ երկրում ընդունված վիշապային օրենքների միջոցով»: