1979 թվականին ծնված լեյտենանտ Արտակ Նազարյանը զոհվել է 2010 թվականի հուլիսի 27-ին «Մեհրաբ» զորամասի հենակետներից մեկում:
Պաշտոնական վարկած
Պաշտոնական վարկածի համաձայն, 2010թ. հուլիսի 27-ին, ժամը 07:50-ի սահմաններում թիվ 12 «Ղոզլու» կոչվող մարտական հենակետում որպես հենակետի ավագ ծառայության նշանակված լեյտենանտ Արտակ Նազարյանն իր հաստիքային «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով բերանի խոռոչի շրջանում իրեն հրազենային վնասվածք է հասցրել և տեղում մահացել:
Արտակ Նազարյանի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի կարծիքը
Հասմիկ Հովհաննիսյանը 2011 թվականի նոյեմբերի 23-ին դատարանում տված ցուցմունքում ասել է, որ այն վայրը, որը ներկայացվում էր որպես իր որդու ինքնասպանության վայր, ադրբեջանցի չորս դիպուկահարների կենտրոնն է եղել և իր որդին «գիժ չէր, որ գնար և կանգներ այնտեղ»:
Հասմիկ Հովհաննիսյանը նաև դատարանին ներկայացրել է ժայռաբեկորի տակ նկարահանված մի լուսանկար, որտեղ իր որդին սպանված է եղել: Հովհաննիսյանը նշել է, որ այդ նկարն արվել է անհատի կողմից, և նկարում պարզ երևում է, որ ավտոմատը մի կերպ իր որդու ատամները կոտրելով մտցրել են նրա բերանը: Տվյալ լուսանկարը գործի նյութերում չկա:
Իրավապաշտպանների կարծիքը
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուիցչները, ծանոթանալով գործի նյութերին, հայտարարություն են տարածել, որում նշվում է` Նազարյանի գործով կեղծ նախաքննություն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է Քրեական դատական օրենսգրքի բազմաթիվ ու բազմապիսի խախտումներով:
Հելսինկյան ասոցիացիայի փաստարկները և բացատրությունները.
«1. Դեպքից մոտ 1 ժամ 25 րոպե անց զորամասից Գլխավոր Շտաբ և ՊՆ է ուղարկվել օպերատիվ տեղեկագիր, համաձայն որի Ա.Նազարյանը ինքնասպանություն է գործել մարտական հենակետի խրամատում: Այնուհետև սակայն ինչ-ինչ պատճառներով քննիչի դուրը չի եկել խրամատը և ընտրվել է դեպքի նոր վայր` հենակետի տարածքում, բարձունքի վրա գտնվող ժայռաբեկորը, որին, նստած վիճակով հենվելով, իբր Ա.Նազարյանը ձեռքին եղած ինքնաձիգի փողը ուղղել է դեպի բերանը և ինքնասպան եղել: Զավեշտալին այն է, որ քննիչի կողմից նշված հանգամանքներում` գլուխը ժայռաբեկորին հենած վիճակում ինքնասպան լինելու դեպքում, այդ նույն ժայռաբեկորի վրա պարտադիր պետք է մնային արյան, ոսկրաբեկորների և ուղեղանյութի մասնիկներ, քանի որ հրազենային վնասվածքը միջանցիկ էր, գնդակը դուրս էր եկել սպայի գլխի ծոծրակի մասից: Սակայն դեպքի վայրի զննությամբ ժայռաբեկորի վրա ոչ մի հետք չի հայտնաբերվել:
2. Դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշվում է, որ այն կազմվել է 28.07.2010թ.-ին: Զննությանը զուգահեռ Canon ֆոտոխցիկով լուսանկարվել է դեպքի վայրը և դիակը դեպքի վայրում: Սա բացահայտ կեղծիք է, քանի որ սպանության օրը` հուլիսի 27-ին, ժամը 15:00-ի սահմաններում Բերդ քաղաքի հիվանդանոցում կատարվել է Նազարյանի դիակի արտաքին զննություն և նույն օրը նրան տեղափոխել են Երևան: Ավելին, նույն օրը` հուլիսի 27-ին, դիակը տեղափոխելու ճանապարհին նրանց դիմավորել են սպանվածի հարազատները, և սպաներից մեկը ցույց է տվել իր բջջայինի մեջ պահպանված դեպքի վայրում դիակի լուսանկարը: Հետևություն, քննիչի կամ այլ իրավապահ մարմնի թույլտվությամբ զորամասի սպաները կատարել են ապօրինի լուսանկարում: Մինչ օրս մերժվել և մերժվում են տուժողի իրավահաջորդի կողմից դեպքի վայրում և գործով կատարված այլ լուսանկարների կրկնօրինակներն իրեն տրամադրելու միջնորդությունները` պատճառաբանություն` նախաքննության գաղտնիությունը: Ստացվում է, որ այդ գաղտնիությունը միայն տուժող կողմի համար է, այլ ոչ մարդասպանների:
3. Տեղազննության արձանագրության մեջ քննիչը նշում է, թե իբր սպանության գործիք հանդիսացած ինքնաձիգը գտնվում է մահացածի ոտքերի արանքում` հողը բերանի մեջ: Քննիչը պարտավոր էր զենքը զգուշությամբ փաթեթավորել, առգրավել և ուղարկել դատաձգաբանական-դատամատնահետքաբանական փորձաքննության:
Դրա փոխարեն նա, զենքը ձեռքը վերցնելով, կատարում է մի շարք գործողություններ`լիցքավորում, լիցքաթափում, փորձարարական կրակոց, ինքնաձիգից պահունակի անջատում և այլն: Այս կերպ նա ոչնչացնում է սկզբնական մատնահետքերը: Զավեշտալին այն է, որ ըստ փորձագետի թիվ 25101003 եզրակացության, ինքնաձիգի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել: Իսկ սա նշանակում է, որ քննիչը ոչնչացրել է բոլոր` այդ թվում և իր մատնահետքերը:
4. Դատաբժշկական փորձաքննությամբ Ա. Նազարյանի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել է մի քանի տասնյակի հասնող վնասվածքներ` արյունազեղումներ, կապտուկներ, քերծվածքներ, որոնք, ըստ դատաբժշկի, ժամանակային առումով բաժանվում են 3 խմբի`
ա. սպանությունից 3-5 օր առաջ
բ. սպանությունից 6 ժամ առաջ
գ. սպանությունից անմիջապես առաջ
Քննիչը բոլոր մանրամասներով քննել է 3-5 օր առաջ Ա.Նազարյանի հանդեպ կատարված բռնության միջադեպը, սակայն սպանությունից 6 ժամ առաջ և սպանությունից անմիջապես առաջ հանգուցյալի ստացած մարմնական վնասվածքների մասին (որոնք անհամեմատ ավելի շատ են և ծանր, քան 5 օրվա վաղեմության վնասվածքները) լռում է:
Սույն գործով կատարված բոլոր անօրինականությունները թվարկելն անհնարին է»: