Երեկ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը «Գարուն, որ այդպես էլ չծաղկեց» անունով զեկույց է հրապարակել, որը դատապարում է Ադրբեջանի իշխանությանը երկրի ժողովրդավարացումը ճնշելու համար: Զեկույցի հեղինակները նաև խորհուրդներ են տալիս, թե ինչպես բարելավել ստեղծված իրավիճակը:
Amnesty-ն հիշեցնում է, որ թեև Ադրեբջանին նման մի զեկույցով կազմակերպությունը դիմել է նաև 2009թ., այդ ժամանակից ի վեր խոսքի ազատության առումով իրավիճակը Ադրբեջանում ոչ միայն չի բարելավվել, այլև վատթարացել է:
Ըստ Amnesty International-ի` իրավիճակը ներկա տագնապալի աստիճանին է հասել գարնանը, երբ անցկացվել են մի քանի բողլոքի ակցիաներ:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ գարնանը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանները ուժ են կիրառել մոտ 30 լրագրողների, այդ թվում` Բաքվում իրադարձություններին հետևող «Ազատություն» ռադիոկայանի և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության լրագրողների դեմ:
Լրագրողներից մի քանիսին նույնիսկ կարճ ժամանակով ազատազրկել են: 2011թ. մարտին Ադրբեջանի իշխանությունները փակել են 5 հասարակական կազմակերպություն, այլ ՀԿ-ների հանդեպ խստացվել է իշխանության վերահսկումը, այդ թվում նաև միջազգային ՀԿ-ների դեմ: Խոսքը,մասնավորապես, Շվեդիայի Մարդու Իրավունքների գրասենյակի մասին է, որն ի վերջո ևս փակվել է:
«Իշխանության քննադատումը, լինի դա մամուլում, քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից կամ պարզապես սոցիալական ցանցերում, պարբերաբար պատժվում է: Քննադատությունը ճնշելու համար իշխանությունները գնում են նույնիսկ ազատազրկումների, քրեական հետապնդումների: Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են պետական մեքենան, ոչ հստակ օրենքները և իրենց ենթակա դատարանները ՀԿ-ներին, ընդդիմությանը, ԶԼՄ-ներին թուլացնելու համար:
Այս պրակտիկայի անընդհատ շարունակայնությունը, իշխանավորների անպատժելիության հետ միասին, ստեղծում են վախի և ինքնագրաքննության մթնոլորտ երկրում, ինչի պատճառով էլ չի ստեղծվում ժողովրդավարական պետություն», – ասված է Amnesty International-ի զեկույցում: