2011 թվականի օգոստոսի 26-ին ԼՂՀ ՊՆ «Եղնիկներ» զորամասում մահացել է 18-ամյա Աղասի Աբրահամյանը:
Նախնական վարկած
Զինծառայողի հարազատներին սկզբում ասվել է, թե Աղասին կորցրել է գիտակցությունը և, ընկելով մահճակալից, լուրջ վնասվածքներ է ստացել:
Ինչ է եղել իրականում
Հետագայում ծնողներն իմացել են դեպքի այլ մանրամասներ, համաձայն որոնց մահվան պատճառ է դարձել ծեծը: Նա կռիվ է արել մեկ այլ զինծառայողի հետ, որից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Աբրահամյանին տեղափոխել են բուժկետ, որտեղ բուժկետի ղեկավարը ծեծի է ենթարկել Աբրահամյանին` պատճառաբանելով, որ վերջինս սիմուլյացիայի է դիմում:
Դրանից հետո Աբրահամյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ մեկ ժամ անց մահացել է:
Աղասի Աբրահամյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ» հոդվածով: 2011 թվականի սեպտեմբերի 6-ին նշված մեղադրանքով կալանավորվել են 3 սպա, այդ թվում բուժկետի ղեկավարը, և մեկ շարքային:
Բուժկետի ղեկավարին նաև մեղադրանք է առաջադրվել «Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը» հոդվածով:
Աղասի Աբրահամյանի հոր կարծիքը
Աղասու հայրը` Գեղամ Աբրահամյանը կարծում է, որ իր որդու մահվան մեջ ավելի շատ մեղավորներ են եղել, քան կալանավորվածները:
«Ակնհայտ էր, որ դաժանորեն ծեծել էին երեխուն, ու դա չէր կարող լիներ մեկ կամ երկու հոգու ձեռքի գործ, իրենք պարզապես ֆիզիկապես չէին կարող էնքան ծեծեին, որ երեխան մահանար: Վստահ եմ, որ ավելի շատ մարդիկ են մասնակցել այդ միջադեպին, բայց էլ չգիտեմ`ինչ անել, չգիտեմ` ինչի համար պայքարել, միևնույն է` երեխայիս չեմ կարողանա ետ վերադարձնել», – ասել է զոհվածի հայրը: