Հրազդանի գործող քաղաքապետը պատկանում է ՀՀԿ-ին, իսկ Հանրապետական կուսակցությունն այսօր Հայաստանում թալանչիների և բանդիտների կուսակցություն է: Անդրադառնալով փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին` այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ Հրազդանում քաղաքապետի պաշտոնին հավակնում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը և անկուսակցական, Հայ ԱզգայինԿոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը:
Զուրաբյանի խոսքով` Հրազդանի քաղաքապետի ընտրույթունները լավ հնարավորություն են համախմբվելու` «հանրապետական թալանչիների կառավարմանը վերջ տալու ուղղությամբ»:
«Որովհետև կա մի ուժեղ թեկնածու: Սասուն Միքայելյանը ուժեղ թեկնածու է, դա ոչ ոք չի վիճարկում, որը ունի ժողովրդականություն, այսօր էլ արդեն պարզ է, որ եթե լուրջ կեղծիքներ չլինեն, նա պետք է հաղթի: Ցանկացած հրազդանցու հետ եթե խոսեք, դա ակնհայտ իրողություն է: Եվ սա ստեղծում է բոլորի համար մի մեծ հնարավորություն ևս մեկ առանցքային հաղթանակ արձանագրել այս թալանչիների կուսակցության դեմ»,- ասել է Կոնգրեսի համակարգողը: