Այն քաղբանտարկյալները, որոնք, գործարքի գնալով իշխանությունների հետ, փորձում են հայտարարություններ անել իրենց պայքարի ընկերների դեմ, ճնշման զոհ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` նշելով, որ ինքն այդ մարդկանց չի դատապարտում:
«Իսկ իշխանությանը ես համարում եմ շատ անբարոյական, որովհետև նրանց, փաստորեն, հերիք չէին բոլոր հետապնդումները, որ արեցին այդ մարդկանց նկատմամբ, հիմա նաև փորձում են նրանց բարոյապես ոչնչացնել: Սա մի խայտառակ պրոցես է, որում ես մեղադրում եմ իշխանություններին»,- ասել է Կոնգրեսի համակարգողը:
Նրա խոսքով` անկախ նրանից, թե քաղբանտարկյալը հետագայում ինչ վարքագիծ է ձևավորել, գնացել է գործարքի իշխանության հետ, թե` ոչ, միայն այն փաստը, որ նա իր քաղաքական հայացքների համար ենթարկվել է անարդար հետապնդումներիր և բանտարկման, բավարար է, որ այդ մարդը համարվի քաղբանտարկյալ:
«Բնականաբար բոլոր այն մարդիկ, որոնք բանտարկվել են իրենց քաղաքական հայացքների, ակտիվության համար, նրանք քաղբանտարկյալ են: Այդ մարդկանցից շատերը, չդիմանալով զրկանքներին, ներման խնդրագիր են ներկայացրել Սերժ Սարգսյանին: Ավելորդ եմ համարում դասակարգումներ կատարել քաղբանտարկյալների շարքերում: Բայց անգամ եթե մարդը դիմել է` չդիմանալով ճնշումներին, դրանից ինքը չի դադարում քաղբանտարկյալ լինել, հակառակը` ես համարում եմ, որ նա զոհ է»,- ասել է Զուրաբյանը: