Այսօր Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հավաքված Արամի, Բուզանդի, Եկմալյան, Սարյան փողոցների խաբված բնակարանատերերին չի հաջողվել նամակ հանձնել նախագահական նստավայր ժամանող Սերժ Սարգսյանին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը:
«Առավոտյան եկել էինք այն հույսով, որ աշխատանքի շտապող նախագահը կնկատի մեզ ու միգուցե հետաքրքրվի այստեղ գալու մեր խնդրով, բայց ապարդյուն: Օրեր շարունակ նստավայրի դիմացի մայթին անիմաստ ժամանակ ու նյարդեր վատնելուց հետո որոշեցինք խաչմերուկում սպասել նախագահին ու անձամբ նրան հանձնել նամակը: Թվով երկու-երեք տասնյակի հասնող ոստիկանները նախօրոք արդեն շրջապատել էին մեզ ու թույլ չէին տալիս անգամ տեղում քայլ անել: Մինչ նախագահի ժամանումը, մեզ մոտեցավ Աբելյանը (ՀՀ նախագահի օգնական Արմեն Աբելյան – խմբ.)ու հորդորեց իրեն հանձնել նամակը: Ես հակադարձեցի, որ նամակը պատրաստվում եմ անձամբ հանձնել նախագահին, իսկ նա ասաց, որ դա անհնար է:
Ես ներողություն խնդրեցի` ասելով, որ իրեն չեմ ճանաչում, հետևաբար նամակը տալ չեմ կարող: Աբելյանը հեռացավ, քիչ անց ժամանեց նախագահի ավտոշարասյունը: Ոստիականները պատ կազմած շրջապատեցին մեզ, բայց ես օդում պարզած թափահարում էի նամակը, իսկ ակցիայի մյուս մասնակիցները պարզել էին պաստառները: Նախագահի ավտոշարասյունը անցավ մեր կողքով: Մենք կորցրինք նաև այս վերջին հույսը: Ամեն անգամ այստեղ գալով` մտածում էինք, որ մինչ այս մեր հանձնած բոլոր նամակները տեղ չեն հասել ու նախագահը տեղյակ չէ մեր խնդիրներից: Այսօր արդեն հասկանալի է, որ այս ամենը ղեկավարվում է վերևներից, ու բոլորը քաջատեղյակ են, սակայն որևէ մեկի որևէ բան չի հետաքրքրում: Տարիներ շարունակ անտեսվել ենք հայրենի իշխանության կողմից, հիմա էլ նույնը շարունակվում է», – պատմել է Մաղաքյանը: