Բնապահպանության նախարարությունը այս տարի նախատեսում է իրականացնել «Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացում» ծրագիրը, որի համար ծախսվելու է 5 մլն դոլար: Այս մասին այսօր հայտարարել է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` նշելով, որ ֆինասնավորման մասին նախնական պայմանավորվածություն կա «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» հետ:
Հիշեցնենք, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը ավելի քան 10 տարի բնապահպանների ուշադրության կենտրոնում է:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի անդամ Լիլիկ Սիմոնյանը, ով առաջինն է անդրադարձել այս հարցին, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ թունաքիմիտակների օր առաջ ոչնչացումը կարևոր է, քանի որ գորոզմանոցը գտնվում է բնակավայրերին շատ մոտ` լեռան վրա, և վտանգ է ներկայացնում հարակից գյուղերի էկոլոգիայի համար:
Բնապահպանի խոսքով` անձրևաջրերի հետ թույները ներծծվում են հողի մեջ և սողանքներով հոսում դեպի գյուղերը: Վտանգ կա նաև, որ ոչինչ չձեռնարկելու դեպքում թունաքիմիկատները կհասնեն նաև Գետառ գետը, քանի որ սողանքները դադարելու միտում չունեն:
Լիլիկ Սիմոնյանի խոսքով` գերեզմանոցը փոքրիկ կոսմետիկ վերանորոգումների ենթարկվել է, սակայն խնդիրը հիմնական լուծում է պահանջում: «Թունաքիմիկատները պետք է վեր հանել, առանձին-առանձին փաթեթավորել, տեղափոխել և հետո ոչնչացնել: Դրա համար անհրաժեշտ են մեծ ֆինասնական ռեսուսներ»,- ասել է Լիլիկ Սիմոնյանը:
Ըստ Արամ Հարությունյանի` դեռ որոշված չէ, թե ինչ եղանակով է կատարվելու թունաքիմիկատների ոչնչացումը և որտեղ` Հայաստանում, թե երկրից դուրս: