Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ամենայն հավանականությամբ կառաջադրվի Արտաշատի մեծամասնական ընտրատեղամասերից մեկում: Հայտնի է, որ տարածքն ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ծննդավայրն է, և այնտեղ թելադրողը նրա ազգականներն են, գրում է «Հրապարակը»:
Ըստ թերթի` Կարապետյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, սակայն չի բացառվում, որ նա պայքարի դուրս գա Աբրահամյանի եղբոր` գործող պատգամավոր Ջոնիկի կամ նույն Հովիկ Աբրահամյանի դեմ (ըստ լուրերի` ՀՀԿ շտաբի պետը, հնարավոր է, մեծամասնականով առաջադրվի):
Թերթի հարցին` թե ինչու է Կարապետյանը որոշել առաջադրվել հենց Արտաշատում, վերջին պատասխանել է, թե այնտեղ իրենց կուսակցական կապերը պինդ են, «մենք այնտեղ ուժեղ ենք»:
Կարապետյանի խոսքով` առաջադրվելու դեպքում ինքը գնալու է մինչև վերջ և ճնշումներից չի վախենում:
«Ես էն մարդկանցի՞ց եմ, որ ճնշվեմ: Որ ճնշվելու լինեի, մինչև հիմա կճնշվեի: Էդ որ խլել են-մլել են, էդ ճնշել ա՞: Էդ ճնշել չի: Ես լավ գիտեմ էդ տարածում ովքեր են: Թող իրենք պայքարեն», – ասել է Կարապետյանը: