2011 թվականն աննախադեպ դժվար տարի է եղել լրագրողների համար: Այս եզրահանգմանն է եկել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է լրագրության ոլորտի խնդիրների մասին:
Նախորդ տարիների համեմատ 2011-ին անհամեմատ շատ են եղել ճնշումները լրատվամիջոցերի և լրագրողների դեմ: Գրանցվել է տարատեսակ ճնշումների 49 դեպք, սակայն քիչ են եղել ֆիզիկական բռնության (5) և տեղեկատվության ճշտելու ու տարածելու իրավունքի սահմանափակման (7) դեպքերը: Հիշեցնենք, որ 2008 թվականին գրանցվել է լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 16, 2009-ին` 14, իսկ 2010-ին` 19 դեպք:
Աշոտ Մելիքյանի խոսքով` ճնշումները հիմնականում եղել են դատական հայցերի տեսքով: ԶԼՄ-ների դեմ 38 հայց է եղել, ընդ որում` մեծ մասը բերվել են հիմնակնում քաղաքական գործիչների կողմից և նպատակ են ունեցել միայն ճնշելու և պատժելու քննադատական հոդվածներ հրապարակող ԶԼՄ-ներին:
«Դատական այդ 38 հայցերից մերժվել է միայն պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցը ընդդեմ «Իրավունք» թերթի: Դատերից խոսելիս` արժե հիշել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ակտիվությունը դատական հայցերի առումով, ինչը հարիր չէ երկրորդ նախագահի համար», – ասել է Աշոտ Մելիքյանը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայցեր էր ներկայացրել «Հայկական ժամանակ», «Ժամանակ» և «Հրապարակ» օրաթերթերի դեմ` մեղադրելով զրպարտության և վիրավորանքի մեջ: Դատարանը պարտավորեցրել էր «Հայկական ժամանակ»օրաթերթին վճարել 3,5 միլիոն դրամ, «Ժամանակ»-ին` 3 միլիոն դրամ: «Հրապարակ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցն ընթացքում է: