ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հավատում է, որ Հայաստանի համար ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը անսահման կարևոր է։ Այս մասին ասված է Օսկանյանի երեկ երեկոյան տարածած հայատարարության մեջ, որում նա հաստատում է իր մասնակցությունը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին:
«Հայաստանը լրջագույն և խորքային բարեփոխումների կարիք ունի: Համոզված եմ, որ երկրի բոլոր քաղաքացիներն են այդպես մտածում: Բարեփոխումներ ու փոփոխություններ կիրականացվեն, եթե նոր խորհրդարանում քաղաքական նոր հարաբերակցություն ստեղծվի: Իսկ քաղաքական նոր հարաբերակցություն խորհրդարանում միայն ազատ և արդար ընտրությունները կարող են ապահովել:
Սա է իմ քաղաքական ներգրավվածության հիմնական դրդապատճառը», – ասել է Օսկանյանը:
Նա նաև հաստատել է մամուլում տարածված այն լուրերը, որ կարող է համագործակցել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության հետ:
«ԲՀԿ-ի հետ իմ ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն: ԲՀԿ-ի հետ նման քննարկումներ ունեցել եմ, բայց այլ քաղաքական ուժերի հետ ևս ունեցել եմ քննարկումներ: Այս պահին ես դեռ որոշում չեմ ընդունել և կարծում եմ, որ վերջնական որոշման համար դեռ ժամանակ կա: Սակայն բացառված չէ, որ ներքաղաքական գործընթացներն ինձ ստիպեն, որ արագացնեմ որոշումս», – հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարարը:
Նրա խոսքով` այս պահին Հայաստանում ընթացքի մեջ են միաժամանակ մի քանի գործընթացներ:
«Առաջին՝ կուլիսների հետևում ընթացող քննարկումներ տարբեր կուսակցությունների, ներառյալ կոալիցիոն ուժերի միջև։ Երկրորդ՝ քաղաքական դրդապատճառներով ճնշումներ տարբեր կուսակցությունների՝ հատկապես ԲՀԿ-ի վրա։ Երրորդ՝ նախընտրական այս փուլում արդեն վարչական ռեսուրսների օգտագործումը ընտրական գործընթացում շահեկան դիրքեր զբաղեցնելու նպատակով: Եվ վերջապես խորհրդարանի կազմավորման հարցում ամենակարևորը՝ ընթացող քննարկումները մեծամասնական-համամասնական տարբերակների շուրջ:
Հայաստանում այսօր ստեղծված քաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով: Բայց դա հնարավոր չէ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն անզիջող կեցվածք է ընդունել: Հետևաբար, ցանկալի կլիներ, որ բոլոր այն ուժերը, որոնք պաշտպանում են համամասնական մոտեցումը՝ ԲՀԿ, Հայ ազգային կոնգրես, ՀՅԴ, «Ժառանգություն», Ժողովրդական կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» և այլք, այս հարցի շուրջ առաջիկա խորհրդարանական լսումներից հետո այլևս ժամանակ չկորցնեն և այս ընդհանուր մոտեցումը վերածեն քաղաքացիական շարժման՝ կենտրոնանալով արդար ընտրություններ անցկացնելու վրա, չբացառելով անգամ այդ ուժերի առավել սերտ համագործակցությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում», – եզրափակում է Օսկանյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարար 1998 թվականին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից և այդ պաշտոնում աշխատել է տասը տարի` հեռանալով համակարգից 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո: 2008 թվականի մարտի 1-ին, երբ վաղ առավոտյան ուժայինները Ազատության հրապարակում ցրեցին ընդդիմության հանրահավաքը, Վարդան Օսկանյանը դարձավ այն պաշտոնյան, ով մամուլի ասուլիսով հանդես եկավ` բացատրելով իշխանությունների դիրքորոշումը: 2011 թվականի փետրվարին նա բացատրել է իր քայլը` նշելով, որ ներողություն չի խնդրի, քանի որ իրեն մեղավոր չի համարում:
«Նման իրավիճակում լռությունն ամենավտանգավոր բանն է, և պետք է գտնվեր մեկը, որ կարողանար խոսել ժողովրդի հետ: Ես կոչ եմ արել ընդդիմությանը երկխոսության: Այնպես որ, ես այդ իրադարձությունների կանխարգելման փորձ արած անհատ եմ», – ասել է Օսկանյանը: