Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ, դատավոր Գագիկ Պողոսյանը սանկցիա է կիրառել Տիգրան Առաքելյանի նկատմամբ և նրան հեռացրել է դատական նիստերի դահլիճից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը:
Մինչ Առաքելյանին դահլիճից հեռացնելը, գործով անցնող տուժող ոստիկան Շահեն Հարությունյանը ցուցմունք է տվել և պատմել, որ այդ օրն ինքը հեռախոսով նկարելիս է եղել միջադեպը, և միայն դրանից հետո են ոստիկանին պատմել, որ թիկունքից իրեն հարվածել և գետնին է գցել Տիգրան Առաքելյանը:
Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը հարց է ուղղել Հարությունյանին` արդյոք հեռախոսով նկարահանումներ կատարելը մտնում էր ոստիկանի ծառայողական պարտականությունների մեջ: Վերջինս պատասխանել է` ինքն իր համար էր նկարում: Հետո էլ հավելել է, որ այն հեռախոսը` iPhone 4, որով ինքը նկարահանում էր, կորել է:
Մյուս ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը հիշեցրել է ոստիկանին, որ մինչ այդ նա պնդում էր, որ երբ ինքը դեպքի վայր է եկել, նկատել է, որ այնտեղ խառնաշփոթ է և անվերահսկելի իրավիճակ, որից հետո հարցրել է, թե այդ դեպքում ինչու էր ոստիկանը իր ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն նկարահանում իրականացնում: Ոսկանյանը նաև հետաքրքրվել է, թե արդյոք դա չէր կարող սրել իրավիճակը: Գագիկ Պողոսյանը հանել է այդ հարցը, որին հաջորդել է Առաքելյանի հայտարարությունը. «Որովհետև ի սկզբանե նպատակը եղել էր գործ սարքելը»: Դրա համար դատավորը նկատողություն է հայտարարել Առաքելյանին:
Ոստիկանը իր ցուցմունքում նշել է, որ ինքը նկարահանել է առավել ակտիվներին, այդ թվում` Տիգրան Առաքելյանին: Մեղադրյալներից Արտակ Կարապետյանը հակասություն է նկատել ցումունքներում` հարցնելով, թե այդ դեպքում ինչպես է Առաքելյանը հայտնվել նրա թիկունքում:
Գագիկ Պողոսյանն այդ հարցը նույնպես հանել է:
Դա առաջացրել է փաստաբանների դժգոհությունը, և Վահե Գրիգորյանը հարց է ուղղել դատավորին, թե ինչ մտավախություն ունի դատավորը տուժողի պատասխանների առնչությամբ, որ անընդհատ վերախմբագրում է մեղադրյալների կողմի հարցերը, ինչին դատավորը պատասխանել է, որ ոչ մի մտավախություն չունի:
Իրավիճակը դահլիճում սկսել է լարվել, դատավորն ավելի բարձր ձայնով է սկսել խոսել` հանելով Առաքելյանի հարցերից ևս մեկը, ինչն առաջացրել է վերջինիս զայրույթը, ով նույնպես բարձր ձայնով սկսել է դժգոհել դատավորի գործողություններից և շարունակել է իր հարցերն ուղղել ոստիկանին:
Դատավորը զգուշացրել է Առաքելյանին` խոստանալով սանկցիա կիրառել:
Դատավարության նման ընթացքը շարունակվել է. դատավորը հանել է մեղադրյալի փաստաբանի հարցը` կապված միջադեպի պահին iPhone-ի հեռախոսահամարի հետ, որը մեղադրյալի կողմը ցանկանում էր իմանալ:
Դա կրկին առաջացրել է Առաքելյանի, ինչպես նաև դատարանում ներկա Առաքելյանին աջակցող անձանց դժգոհությունը, որից հետո դատավորը ընդմիջում է հայտարարել:
Ընդիմիջումից հետո` Պողոսյանը հայտարարել է, որ հեռացնում է Առաքելյանին դատական նիստերի դահլիճից:
Վահե Գրիգորյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը` պատճառաբանելով, որ իր պաշտպանյալը հարցեր ուներ տուժողին:
Նա հավելել է, որ եթե դատարանը մերժի իր միջնորդությունը, ինքը ևս կլքի դատական նիստերի դահլիճը: Դատավորը մերժել է միջնորդությունը և, իր հերթին, սպառնացել է, որ Գրիգորյանի` դահլիճը լքելու պարագայում դատական նիստը կհետաձգվի, բայց սանկցիան իր պաշտպանյալի նկատմամբ կկիրառվի հաջորդ նիստի ժամանակ նույնպես:
«Դուք իմ գործողությունների համար իմ պաշտպանյալին չեք կարող պատժել», – ասել է Գրիգորյանը` նշելով, որ առանց պաշտպանյալի իր դատարանում գտնվելը ճիշտ չի համարում, որից հետո դուրս եկել դատարանի դահլիճից:
Դատավորը հետաձգել է դատական նիստը` նշանակելով այն փետրվարի 2-ին, ժամը 15.00-ին: