ԱՄՆ-ի իշխանությունները թույլ չեն տվել բրիտանացի զբոսաշրջիկներին մնալ երկրում Twitter միկրոբլոգում արված կատակի պատճառով:
DestroyAmerica(Ավիրիր Ամերիկան) արտահայտությունը, որը հրապարակվել էր Բրիտանիայի բնակիչ Լեյ վան Բրայանի միկրոբլոգում, հայտնվել էր ոստիկանության գործակալների ուշադրության կենտրոնում մինչ նրա` ԱՄՆ մեկնելը:
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան ժամանելուն պես բրիտանացին և նրա ընկերուհին ձերբակալվել են զինված պահակայինների կողմից, որից հետո 5 ժամ շարունակ նրանց հարցաքննել են, այնուհետև հագցրել են ձեռնաշղթաներ և տեղավորել ապօրինի ներգաղթյալների ավտոբուսում:
Գիշերը նրանք անցկացրել են տարբեր բանտախցերում, այնուհետև հետ են ուղարկվել տուն: Բրիտանացի զբոսաշրջիկն ընդգծել է, որ իրենց հետ վարվել են այնպես, կարծես իրենք իսկական ահաբեկիչներ էին:
Թեև Բրայանը փորձել է բացատրել, որ destroyAmericaարտահայտությամբ նա բրիտանական սլենգով ընդամենը ցանկանում էր ասել, որ պատրաստվում է ուրախ ժամանակ անցկացնել Ամերիկայում, այդուհանդերձ դա նրան չի օգնել շարունակել արձակուրդները ԱՄՆ-ում: