Ամերիկյան դիվանեգետների և քաղաքական գործիչների գաղտնի նամակագրությունը հրապարակելուց հետո սկանդալային դարձած WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը կհայտնվի ամերիկյան «Սիմփսոններ» անիմացիոն սերիալի դրվագներից մեկում, հայտնում է Reuters գործակալությունը:
Անիմացիոն Ասանժի մասնակցությամբ մուլտֆիլմը եթեր կհեռարձակվի այս տարվա փետրվարի 19-ին, որը կլինի «Սիմփսոններ» նախագծի թվով 500-րդ սերիան: Ասանժն իր կերպարը հնչյունավորել է Լոնդոնում, որտեղ նա տնային կալանքի տակ է գտնվում:
«Սիմփսոնների» գործադիր պրոդյուսեր Էլ Ջինը նշել է, որ Ասանժին որպես հրավիրված աստղ ընտրելիս սերիալի ստեղծողները գիտակցում էին` որքան հակասական կերպար է նա: Սակայն հեղինակները փորձել են Ասանժին երգիծական կերպարով ներկայացնել և մարդկանց ուշադրությունը չբևեռել դատաքննության ընթացքին:
500-րդ սերիայում Սիմփսոնների ընտանիքը հորինված Սփրինգֆիլդ քաղաքից կտեղափոխվի մեկ այլ բնակավայր, որտեղ նրանց հարևանը կդառնա WikiLeaks-ի հիմնադիրը: