Երեկ լրագրողական դաշտում և ԱԺ-ում ամենաքննարկվող թեմաներից մեկը ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության արդեն նախկին պետ Գոհար Պողոսյանն էր, ում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն անօրինական կերպով ազատել էր աշխատանքից:
Ինչպես գրում է «Երկիր» թերթը, Նիկոյանը Պողոսյանի վրա վաղուց «ատամ ուներ» և սպասում էր հարմար առիթի: ԱԺ-ում խոսակցություններ կան, որ սա անգամ Նիկոյանի անձնական որոշումը չէ, նրան այս քայլին դրդել են հենց իր մերձավորները, որոնք Նիկոյանի հետ մտերմացել են նրա` պաշտոնը ստանալուց հետո:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Նիկոյանը վտանգ էր տեսնում 20 տարի Աժ-ում աշխատած և այդ տարիների ընթացքում մեծ կապեր ձեռք բերած վարչության պետից, բայց «հարմար» առիթն այդպես էլ չկարողացավ գտնել: Աժ-ում անգամ շշուկներ կան, որ Նիկոյանն ասել է, թե տեսնեմ` այդ ինչպես է դատարան դիմելու: ԱԺ նախագահը մեծ հույս ունի, որ իր կողմնակիցների միջոցով կկարողանա ազդել դատական քննության վրա, գրում է թերթը:
Թե ում կնշանակի Պողոսյանի փոխարեն, դեռ հայտնի չէ: «Երկիրը» հիշեցնում է, որ վերջերս Նիկոյանը Պողոսյանի տեղակալին տարավ իրեն օգնական:
Մի ուշագրավ փաստ ևս` մինչև Գոհար Պողոսյանին աշխատանքից ազատելը, Սամվել Նիկոյանի ֆեյսբուքյան էջի հավանողների թիվը 560-ն Էր, իսկ երեկ դարձել Էր 341: