Home / Հայաստան / Նուբարաշենում ծեծկռտուքի ժամանակ աշակերտը վնասել է աչքը

Նուբարաշենում ծեծկռտուքի ժամանակ աշակերտը վնասել է աչքը

Երեկ՝ հունվարի 31-ին, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է տեղափոխվել Նուբարաշեն 17 փողոցի բնակիչ, 17-ամյա Երվանդ Էքմեքջյանը։

Ինչպես հայտնում է aravot.am-ը, հղում կատարելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, Էքմեքջյանը ակնաբուժական կենտրոն է ընդունվել «ձախ աչքի ակնագնդի ցնցում» ախտորոշմամբ։ Ակնաբուժական կենտրոն են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները, որոնք պարզել են, որ վնասվածք ստացած անձը սովորում է Նուբարաշենի՝ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի 12 Ա դասարանում։

Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, նշված դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և զուգահեռ դասարանի աշակերտներ Միսակ Եփրեմյանի, Արման Նազարյանի և նրանց համադասարանցիների միջև։ Վիճաբանության ժամանակ հրել են Էքմեքջյանին, որի հետևանքով վերջինս դեմքով հարվածել է պատին։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարված միջադեպի մասին ֆոտոլրագրողը զրուցել է նաև Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի հետ: Վերջինս պատասխանել է, որ միջադեպի մասին ինքը տեղյակ չէ, սակայն հավանաբար դպրոցի տնօրինությունն ու համապատասխան մարմինները կզբաղվեն այդ գործով: