Հաագայի ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ազատել է Գերմանիային նացիստների հանցագործությունների համար վճարելու անհրաժեշտությունից, գրում է Spiegel-ը: 2008 թվականին Գերմանիայի կառավարությունը դիմել էր Հաագա, որպեսզի վիճարկի նյութական փոխհատուցման վերաբերյալ իտալացիների պահանջները:
Նրանց հայցում խոսքը գնում էր 1943 թվականի սեպտեմբերից մինչ 1945 թվականի մայիսը գերմանացիների կողմից բռնազավթած իտալական տարածքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: 2008-ի նոյեմբերին Իտալիայի Գերագույն դատարանը բավարարել էր 1944-ին գնդակահարված Չիվիտելա գյուղի երկու բնակիչների 9 բարեկամների պահանջը: Դատարանի որոշման համաձայն, Գերմանիայի իշխանությունները պետք է իտալացիներին մեկ մլն եվրո վճարեին:
Այս գործընթացի մեջ էին ներգրավվել նաև հույները, որոնք փորձում էին փոխհատուցում ստանալ Գերմանիայից էսէսովցիների կողմից սպանված իրենց հարազատների համար: Իտալիան թույլ էր տվել Հունաստանի քաղաքացիներին իրենց դատական համակարգերի միջոցով հայց ներկայացնել Գերմանիայի դեմ:
Գերմանիան հրաժարվել էր վճարել այդ գումարները և դիմել էր Հաագա, որպեսզի պարզի արդյոք նման դատական գործընթացը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: ՄԱԿ-ի միջազգային դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Գերմանիայի: