Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը (լուսանկարում) «Հայկական ժամանակ» օրեթերի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանին ավելի շատ է վստահում, քան ՀՀ ոստիկանությանը:
Այդ մասին գրողն ասել է այսօր «Կենտրոն» հեռուստատեսությամբ հեռարձակվող Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ: Նա նաև կոչ է արել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նման ձերբակալություններ չանել:
Մարտիրոսյանի խոսքով` պետք է հարգել մարդկանց, ովքեր համարձակ են իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ:
Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե «եթե նա, իրոք, մարդուն քցել ա, ոստիկանն ունի բողոք, եթե ծանուցագիր ուղարկել են, նրանք չեն եկել, ի՞նչ անի ոստիկանը»,
Մարտիրոսյանը պատասխանել է.
«Ես այս պահին կդադարեցնեմ իմ մեկնաբանությունները, որովհետև ես չգիտեմ Հայկ Գևորգյանը ինչ կասի: Շատ հնարավոր է, որ այդ ծանուցագիրը տեղ չի հասել, շատ հնարավոր է, որ այդ ծանուցագիրը ընդհանրապես չի էլ ուղարկվել և դրա համար ես չեմ մեկնաբանի, որովհետև ես գիտեմ միայն մի կողմի տեսակետը: Ես չգիտեմ Հայկ Գևորգյանի տեսակետը, որին ես շատ ավելի եմ վստահում, քան մեր ոստիկանությանը: Քանի որ նույնիսկ, եթե ես չեմ սխալվում արդարադատության նախարարը հնչեցրեց, և ես շատ ուրախ եմ, որ իր մեջ քաջություն գտավ հնչեցնելու այն վիճակագրությունը, որ մեր բնակչության 80 տոկոսը չի վստահում իրավապահ մարմիններին: Թույլ տուր, որ ես էդ 80 տոկոսի մեջ լինեմ, ոչ թե քսան տոկոսի մեջ, որը ես չգիտեմ, թե ինչ հիմքերի վրա է վստահ»:
Պետրոս Ղազարյանը հարցրել է հյուրին, թե քանի տոկոսն է վստահում մամուլին:
Մարտիրոսյանը պատասխանել է, որ մամուլին նույնպես կարող են չվստահել, որովհետև լրատվամիջոցները իշխանության կողմից խստորեն վերահսկվում են:
Նա նաև նշել է, որ ոստիկանության կողմից իրականացվող որոշ քայլեր, օրինակ պահեստից մի քանի արկղ սուրճ գողացած ոստիկանների ձերբակալությունը, դեկորատիվ են և արվում են փիառ նպատակներով:
«Որովհետև ոստիկանության համակարգում, իրավապահ համակարգում հսկայական խնդիրներ կան: Էդպիսի փորքիկ ձերբակալություններով, էդպիսի մանր գողերին բռնելով` մեծերին անտեսելով, ես կարծում եմ, որևէ բան հնարավոր չէ փրկել` ոչ ոստիկանության դեմքը, ոչ իշխանության դեմքը», – ասել է հրապարակախոսը:
Լուսանկարը` hy.wikipedia.org