Թուրքիայի Մալաթիա քաղաքի քաղաքային իշխանությունները քանդել են hայկական ճեմարանի ներսում գտնվող երեք կառույցները, այդ թվում` վերանորոգման մեջ գտնվող աղոթարանը:
Ճեմարանի պահակը պատմել է, որ մահացածների մարմինները լվանալու համար նախատեսված սենյակը և աղոթատեղին քանդվել են հինգշաբթի, երբ ոչ ոք ճեմարանում չէր: Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ աղոթատեղին վերակառուցվում էր առանց որևէ պաշտոնական թույլտվության և փաստել են, որ դրա վերացման մեջ ոչ մի ապօրինի բան չկա:
Թուրքական ԶԼՄ-ները ուրբաթ գրում էին, որ քաղաքային իշխանությունների գործողությունների պատճառը տեղի բնակչության անհանդուրժողականությունն է հայերի նկատմամբ, որոնք հարյուրավոր բողոք-դիմումներ են ներկայացրել ընդդեմ աղոթավայրի կառուցման:
Today’s Zaman-ը նշում է, որ ավելի վաղ Մալաթիայի քաղաքապետ Ահմեդ Չակիրը բանավոր կերպով հավանություն էր տվել աղոթավայրի կառուցմանը: Կառույցի ստեղծման աշխատանքները ֆինանսավորվում էին Մալաթիայի հայերի «ՀԱՅԴԵՐ» հիմնադրամի կողմից: Աղոթավայրի նախագծի հեղինակն է հայտնի թուրքահայ ճարտարապետ Գևորգ Օզքարագյոզը:
ՀԱՅԴԵՐ-ի տնօրենների խորհրդի անդամ Գարո Փայլանը հայտարարել է, որ թե նահանգապետը և թե քաղաքային վարչակազմը 4 ամիս առաջ բավական ջերմ էին ընդունել քանդված աղոթավայրի վերականգնման գաղափարը:
«Մեր ճեմարանն այլևս մեզ չի պատկանում, այն քաղաքապետարանինն է: Հետևաբար, մենք թույլտվություն խնդրեցինք քաղաքային իշխանություններից աղոթավայրը վերականգնելու համար: Նրանք ասացին, որ չեն կարող անել դա, թեև թույլ տվեցին, որ մենք ինքներս կյանքի կոչենք գաղափարը: Մարդկանց համար կարևոր նշանակություն ունի իրենց սիրելիներին իրենց կրոնական ծեսերի համապատասխան հողին հանձնելը: Քանի որ Մալաթիայում ոչ մի եկեղեցի չի մնացել, միակ վայրը որտեղ նրանք կարող են կրոնական ծեսեր անցկացնել, ճեմարանն է», – ասել է նա:
Փայլանի կարծիքով` քաղաքապետարանի այս քայլը պայմանավորված է մի խումբ մարդկանց ճնշմամբ, որոնք վրդովված են Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Ֆրանսիայի Սենատի որոշումից:
Քաղաքապետ Չակիրը «Ակօս» շաբաթաթերթի հետ զրույցում ասել է, որ ցավում է տեղի ունեցածի համար, սակայն կառույցի քանդումը տեղի է ունեցել պաշտոնյաների միջև ծագած տարաձայնությունների պատճառով, և որ նրանք կփոխհատուցեն վնասները: