ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը մեկնել է հնօրյա արձակուրդի, որից հետո այլևս չի վերադառնալու աշխատանքի, գրում է «168 ժամ» օրաթերթը: Թերթը նշում է, որ երեկ արդեն լուրեր էին տարածվել, որ նա առողջական խնդիրներ ունի և մեկնել է արտասահման` բուժվելու, սակայն «168 ժամի» աղբյուրների փոխանցմամբ` նա առողջական որևէ խնդիր չունի, պարզապես փորձում է հիմնավորել, թե ինչու է ազատում պաշտոնը:
Նշենք, որ դեռևս դեկտեմբերի 24-ին «168 ժամը» գրել էր, որ Հովսեփյանին ազատելու են պաշտոնից, և դա կարող է կապված լինել ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարցուցած քրեական գործի հետ` «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ այդ ընկերության սեփականատերեր Գագիկ Պապոյանը և Սիմոն Աղազարյանը վերջին տարիների ընթացքում խոշոր չափերի գումարներ են հափշտակել քաղաքացիներից` իրենց կողմից կառուցվող էլիտար շենքերում նույն բնակարանները երկու և ավելի անգամ տարբեր անձանց վաճառելով:
Խաբված քաղաքացիների մի մասը դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմ: Օրաթերթը գրել է, որ նախագահին հասցեագրված նամակներին, սակայն, այլ ընթացք է տվել Հովհաննես Հովսեփյանը:
«168 ժամի» աղբյուրների համաձայն, այժմ Հովսեփյանը մեկնել է Ռուսաստան իր մեծահարուստ եղբոր հետ վիճակը քննարկելու համար, սակայն դա դժվար թե կարողանա օգնել Հովսեփյանին: