Մինչև 35 տարեկան կանայք պետք է տարին մեկ անգամ կրծքագեղձի համար սոնոգրաֆիայի զննության ենթարկվեն, իսկ 35-ից բարձր կանայք տարեկան պետք է երկու անգամ զննություն անցնեն` սոնոգրաֆիա և մամոգրաֆիա: Նման խորհրդով այսօր լրագրողների հետ հանդիպմանը հանդես են եկել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ Անի Հակոբյանը:
Վերջիններս, ներկայացնելով 2011 թ. արձանագրված կրծքագեղձի քաղցկեղի ցուցանիշները, փաստել են, որ այն երիտասարդացման միտումներ ունի:
«Մոտ 1700 կին է մեզ այցելել, երբեմն ուղղակի այնպիսի վիճակ է եղել, որ նույնիսկ մամոգրաֆիա անելը անհնար է եղել: Ցավոք, մենք ունենք երիտասարդացման միտում, և հենց երեկ էր, որ մեր բժիշկները ախտորոշեցին ևս մեկ 31 ամյա աղջկա, ով պատրաստվում էր ամուսնանալ և ընդհանարպես պետք է որ նման բանի մասին չմտածեր, սակայն կասկած կա, որ այդ աղջիկը հիվանդ է կրծքի քաղցկեղով», – ասել է Խաչանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով` ըստ կենտրոնի վիճակագրության` 30-39 տարեկան մոտ 500 կին հիվանդ է կրծքի քաղցկեղով, մինչև 29 տարեկան` 60 կին: Մինչև օրս կենտրոնում հետազոտվել է 520 տղամարդ, որոնցից մեծ մասը ունի կրծքի բարորակ ախտահարում, իսկ 22-ի մոտ արձանագրվել է քաղցկեղ:
Ինչ վերաբերում է կրծքի քաղցկեղի գենետիկ փոխանցմանը, Անի Հակոբյանը նշել է, որ բոլոր այն կանայք ու աղջիկները, ում ընտանքիներում մայրական գծում կա կրծքագեղձի կամ այլ տիպի քաղցկեղ, պետք է դիմեն բժշկի տարին երկու անգամ:
Բանախոսները փաստել են, որ թեև քաղցկեղը դեռևս չի բուժվում, բայց սկզբնական շրջանում ի հայտ գալու դեպքում հնարավոր է կանխել դրա հետագա զարգացումը:
Խաչանուշ Հակոբյանը կարևորել է հոգեբանական կողմը. Նրա խոսքով` այն կանայք, ովքեր պայքարում են և լավատես են, աղթահարում են այդ հիվանդությունը:
Բանախոսները նաև խորհուրդ են տվել կանանց հնարավորինս քիչ ենթարկվել սթրեսների և դեպրեսիաների, քանի որ դրանց հետևանքով օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, և չի բացառվում քաղցկեղի առաջացումը:
Նշենք, որ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի համար հետազոտումն արժե 11 000 դրամ: Զննությունն անվճար է միայն անչափահասների, բազմազավակ մայրերի և զոհված ազատամարտիկների ընտանիքների կանանց համար: