Home / Հայաստան / Հայկի ձերբակալությունը նշանակում է` սկսվեց. լրագրողները մտահոգված են

Հայկի ձերբակալությունը նշանակում է` սկսվեց. լրագրողները մտահոգված են

«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի կալանավորման փաստը մտահոգում է լրատվական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչների: Լրագրողների կարծիքով` Հայաստանում սկսվում է խոսքի ազատության սահամանփակման մեխանիզմ գործել, այն էլ` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

«Սա նշանակում է` սկսվեց: Սա ոչ թե խոսքի ազատության սահմանափակման փորձ է, այլ հենց սահմանափակում: Այս արհեստական գործը վկայում է, որ թքած ունեն: Բացարձակ լկտի ձևով պատճառ են բերում, չեն ուզում նեղություն քաշել ու մի հիմնավորում ներկայացնեն: Խնդիրը Հայկը չի, սկսում են բացահայտ գործել` խոսքի ազատությունը ճնշելու համար», – Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» օրաթերթի խմբագիրը Աշոտ Աղաբաբյանը:

Հայկ Գևորգյանի ձերբակալությունն Աշոտ Աղաբաբյանը որակում է որպես խոսքի ազատության սահմանափակման շատ էժան ձև և համեմատում քաղաքացիների գրպանը կամ մեքենայի մեջ թմրանյութ գցելու ու հետո անձին կալանավորելու հայտնի պրակտիկայի հետ:

Ըստ  մեր զրուցակցի` անհեթեթ են ոստիականության հիմնավորումները, թե հունվարի 23-ին սկսել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ապա հետախուզում է հայտարարել ու միայն փետրվարի 3-ին կարողացել հայնտաբերել Հայկին, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Հայկը չի թաքնվել, գնացել է աշխատանքի, անգամ մամուլի ասուլիսների է մասնակցել:

Հայկ Գևորգյանի կալանավորումը դատապարտում է նաև «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր  Բագրատ Եսայանը: Նա մեզ հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այս դեպքն անհետևանք չի մնա ոլորտի վրա, միայն նախատեսվածի` ԶԼՄ-ներին զսպելու փոխարեն, սա ավելի կզայրացնի նրանց:

«Խիստ բացասական արձագանքը, որ ոստիկանության այս քայլը ստացավ վերջին երկու օրվա ընթացքում, վկայում է այն մասին, որ լրագրողները ոչ թե զգույշ կլինեն, կխուսափեն քննադատողական հոդվածներ գրելուց, այլ հակառակը` ավելի անհանդուրժող կդառնան: Ավելի են լարվելու բոլոր այն ծաղրածուների դեմ, ովքեր կփորձեն ինքնահաստատվել կամ տպավորություն ստեղծել, թե իրենց ղեկավարած գերատեսչությունները լավ են աշխատում»,- ասել է Բագրատ Եսայանը:

«Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը Գևորգյանի դեպքի առնչությամբ հետևյալ կարծիքն է տեղադրել  Facebook սոցիալական ցանցի իր էջում.

«Բացարձակ կապ չունի, թե մենք ինչպես ենք վերաբերվում «Հայկական ժամանակ»-ին՝ առաջատար թերթի, թե երբեմն էթիկայի բոլոր նորմերը խախտող քարոզչամիջոցի: Ես չգիտեմ Հայկը, իրոք, մեղավոր է, թե ոչ: Բայց գիտեմ, որ մեր ոստիկանությունում ընդդիմադիր լրագրողներին, մեղմ ասած, չեն սիրում: Հետեևաբար այս գործը պետք է մաքսիմալ քաղաքացիական և լրագրողական հանրության ուշադրության կենտրոնում լինի»:

Նրա խոսքով` Հայկ Գևորգյանի գործի հետ կապված առնվազն մի քանի հարց է առաջանում, որոնց ոստիկանությունը պետք է հիմնավոր պատասխանի.
1. Ինչ տարօրինակ հետախուզում է, երբ մարդն ազատորեն իր առօրյա կյանքով ապրում է:

2. Ինչո՞ւ են մարդուն հետախուզում հայտարարում, երբ վերջինս չի թաքնվում:

3. Արդյո՞ք օրենքի տառին համաձայն են ծանուցել Հայկին:

4. Ի՞նչ տարօրինակ տուժող է, որ, ըստ էության, ոչ մի լուրջ վնասվածք չունի:

5. Ոստիկանապետի հետ վատ հարաբերություն ունեցող սա էլ երկրորդ քաղաքացին է, որ կալանավորվում է ավտոճանապարհային պատահարից հետո: Արդյո՞ք սա զուգադիպություն է:

«Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանը Facebook-ում նշել է, որ,  ճանաչելով Հայկին, ինքը բացառում եմ այն, ինչ նրան փորձում են վերագրել` որ ինչ-որ մեկին թողներ անօգնական:

«Եվ մանավանդ այն, որ նման անհամաչափ միջոց է ընտրվել՝ էլի հանգեցնում է եզրակացության, որ սա վրեժխնդրություն է նրա լրագրողական գործունեության համար», – Գևորգյանի ձերբակալության մասին գրել է Իսրայելյանը:

Հայկ Գևորգյանի լուսանկարը լրագրողի Facebook-ի էջից