Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի եղբայրը` Վահան Մուսինյանը նամակ է ուղղել «Հրապարակ» օրաթերթին` խնդրելով տպագրել իր պարզաբանումները` կապված այն քրեական գործի հետ, որով ձերբակալվել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախկին նախագահ, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը: Նամակում նա նշում է, որ իր եղբայրը որևէ կապ չունի տվյալ պատմության հետ և կարիք չկա շահարկել Արման Մուսինյանի անունը:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Տիգրան Հակոբյանը կալանավորված է հունվարի 14-ից, նրան մեղադրանք է առաջադրվել «Վատնում կամ յուրացում» հոդվածով։
«Նախաքննությունն ընթացքի մեջ է, և քննիչներն ամեն գնով պահպանում են քննության գաղտնիությունը: Այնուամենայնիվ, «Հրապարակի» տեղեկություններով, խոսք է գնում առանձնապես խոշոր չափերի գումարի մասին։ Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի եղբորը՝ Վահան Մուսինյանին, որն այժմ հետախուզման մեջ է», – գրել էր «Հրապարակը»։
Այսօր օրաթերթը ներկայացրել է Վահան Մուսինյանի նամակը, որում հեղինակը գրում է տեղի ունեցածի մասին:
«Ես ֆերմերային գործունեությամբ զբաղվել եմ 2007 թվականից։ Մի քանի խոշոր ներդրումներ անելու նպատակով ես վարկ եմ վերցրել բանկերից և գրավադրել եմ իմ բնակարանը, հայրական բնակարանը և ընկերոջս բնակարանը:
Մոսկվացի գործարար Գոռ Խեչոյանի հետ համատեղ բիզնեսը սկսվել է 2009 թվականի մարտ ամսից։ Ինձ մի քանի անգամ առաջարկ է արվել Խեչոյանին պատկանող «Ագրոհոլդինգ» ընկերության տնօրեն Տիգրան Հակոբյանի կողմից։
Համաձայն պայմանավորվածության՝ «Ագրոհոլդինգը» ներդնում էր 500 հազար ԱՄՆ դոլար 6 ամսվա ընթացքում (ոչ գույքային ներդրումներ), ես ներդնում էի իմ ֆերմերային տնտեսությունը (խոշոր և միջին և մանր եղջերավոր անասուններ, գյուղտեխնիկա և այլն): Անմիջական, ամենօրյա կառավարումը պետք է իրականացնեի ես։ Եկամուտները բաշխվում էին հավասար:
Բոլոր առձեռն նյութական միջոցներն ինձ են փոխանցվել Տիգրան Հակոբյանի կողմից։ Խեչոյանն ինձ գումար չի տվել։ Արդեն ապրիլ ամսից խախտվեց պայմանավորվածությունը, և Գոռ Խեչոյանը սկսեց ձգձգել ներդրումների կատարումը, որն անընդհատ բարդություններ էր առաջացնում ամենօրյա գործունեության ընթացքում։ 2009թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տարբեր առիթներով Խեչոյան եղբայրները նշել են, որ իրենք բիգնեսի մեջ ներդրել են շատ ավելի մեծ գումարներ, քան այն, որ ինձ տրվել է։ Իմ հարցին, թե որտեղ են այդ փողերը, և որ ինձ տրվել են դրանից շատ ավելի պակաս գումարներ, նրանք նշել են, որ այդ գումարը տվել են «Ագրոհոլդինգ» տնօրինությանը։
Իմ պարզաբանումների փորձերին ի պատասխան, «Ագրոհոլդինգի» տնօրինությունը նշել է, որ այդ հարցով իրենք կխոսեն գործարարի հետ առանձին առանց իմ ներկայության:
Քանի որ համատեղ աշխատանքը գնալով բարդանում էր, սեպտեմբեր ամսին խնդրի լուծում առաջ քաշվեց հետեւյալ տարբերակը. «Ագրոհոլդինգը» կվճարի իմ ունեցած վարկային պարտավորությունները, իմ կառավարմանը կհանձնի ամբողջ ֆերմերային տնտեսությունը («Ագրոհոլդինգի» կողմից գնված անասնագլխաքանակը և իմ ներդրած գլխաքանակը), և ես 5 տարվա ընթացքում կփակեմ նրանց ունեցած իմ ամբողջ պարտքը։
Երբ ձախողեց նաև այս տարբերակի իրագործումը, հարաբերություններն ընդունեցին ավելի լարված բնույթ:Համաձայնության գալուն միտված մի քանի հանդիպումներ չտվեցին որևէ արդյունք, որին հաջորդեց Գոռ Խեչոյանի եղբայր Արմեն Խեչոյանի գլխավորությամբ հոկտեմբերի 28-ին իմ ֆերմայի վրա կատարված ավազակային հարձակումը՝ զուգորդված հայհոյանքներով, աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով։ Արդյունքում հափշտակվեց ինձ պատկանող 66 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, շուրջ 180 խոզ, 7 տոննա տարողությամբ ցիստեռն, բազում այլ գյուղպարագաներ։ Որոշակի ջանքերից հետո հաջողվեց հետ բերել 30 կով, որից 16-ը վաճառել եմ և փակել աշխատակիցների աշխատավարձի և կոմունալ ու այլ ծախսերի պարտքը, որոնք պետք է վճարեր «Ագրոհոլդինգը»։
Այս ավազակային հարձակման հետևանքով իմ ընկերությունը սնանկացավ, ես չկարողացա կատարել իմ վարկային պարտավորությունները, որի արդյունքում կորցրեցի իմ բնակարանը, ընկերջոս տունը և հայրական բնակարանը: Էլ չասած քանի տարբեր մարդկանց պարտքեր, որոնք չեմ կարողանում փակել մինչ օրս:
Չբավարարվելով այս հանցագործությամբ` 2010թ. մայիս-հուլիս ամիսներին «Ագրոհոլդինգը», ի դեմս Տիգրան Հակոբյանի, իմ դեմ բողոքի է ներկայացնումԱրաբկիրի ոստիկանություն` մեղադրելով 33 միլիոն դրամի յուրացման մեջ (երկու տարի անց երկու տարի անց հանկարծ պարզվում է, որ ես, իբր, յուրացրել եմ 145 միլիոն դրամ։ Պատկերացնում եք, չէ՞ աբսուրդի աստիճանը, միայն երկու տարի անց Խեչոյանը նկատել է 112 միլիոն դրամի բացակայությունը): 2010 հուլիսին ինձ հրավիրել են Արաբկիրի ոստիկանության քննչական բաժին: Ի պատասխան, ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որ Արմեն Խեչոյանի գլխավորությամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել իմ ֆերմայի վրա: Դրանից հետո մինչև 2011 թվականի նոյեմբեր, ես շաբաթական առնվազն 2-3 անգամ հրավիրվել եմ քննչական մարմին,մանրամասն բացատրություն եմ տվել ծախսված յուրաքանչյուր դրամի համար:
Համատեղ գործունեության ամբողջ ընթացքում իմ ձեռքի տակով անցել է 97 միլիոն դրամ, որից 37 միլիոնն ինձ տրվել է առձեռն Տիգրան Հակոբյանից, իսկ մնացյալ գումարը գոյացել է անասունի, մսի, կաթի վաճառքից (այդ թվում՝ իմ կողմից ներդրված անասնագլխաքանակից): Նորից շեշտեմ, որ ես քննչական մարմիններին եմ ներկայացրել այս ծախսերի մանրամասն նկարագրությունը, մինչև վերջին դրամը։ Նշեմ նաև, որ անխտիր բոլոր ծախսերը նախապես համաձայնեցվել են «Ագրոհոլդինգի» տնօրինության հետ։
Ինչ վերաբերում է Խեչոյանի հայտարարած 500 հազար դոլարի ծախսերին, ապա ասեմ, որ իրենց ընկերությունն այդ ընթացքում 73 միլիոն դրամով գնել է 107 ցեղական կով և ցուլ, 83 միլիոն դրամ «Ագրոհոլդինգը» վճարել է անասնապահական համալիրի և շուրջ 100 անասունի ձեռքբերման համար (հետագայում ես իմացել եմ, որ պայմանագրում հետին թվով գումարը նվազեցվել է Արմեն Խեչոյանի կողմից): Գումարեք այս թվերը, ինչպես նաև 37 միլիոն ինձ առձեռն տված գումարը, և կստանաք մոտ 195 միլիոն դրամ։
Թե արդյոք դրանից զատ Խեչոյանն այլ գումարներ է ուղարկել «Ագրոհոլդինգին» և նրա տնօրինությանը և ինչքան, հարցրեք իրենցից։ Դա ինձ հետ կապ չունի։
Հիմա նախաքննության մարմինը և մի շարք լրատվամիջոցներ փորձում են ստեղծել տպավորություն, որ ես, իբր, փախել եմ և թաքնվում եմ արդարադատությունից ու դա արել եմ, քանի որ մեղավոր եմ։ Ավելին՝ փորձ է արվում շահարկել եղբորս՝ Արման Մուսինյանի անունը, որը զբաղվում է քաղաքական գործունեությամբ և որևէ առնչություն չունի այս գործի հետ։ Ու դա այն պարագայում, երբ ես ընդամենը Ռուսաստան մեկնել եմ աշխատելու և ընտանիքս, երեք երեխաներիս պահելու նպատակով։ Նրանց ու բոլոր նման կարծիք ունեցողներին կուզենայի ուղղել մի քանի հարց, որի պատասխանը ստանալը պահանջում է տարրական տրամաբանության առկայություն։
Եթե ես յուրացրած լինեի 33 կամ, որ ավելի վատ՝ 145 միլիոն դրամ, պարզ չէ՞, որ ես կմարեի իմ բանկային պարտավորությունները և չէի թողնի, որ մեր ձեռքից գնար երկու բնակարան և մեկ սեփական տուն։ Մի բան, որ դարձավ երեք ընտանիքի տառապանքների աղբյուր։ Այդքան գումար գրպանում հնարավոր չէ պահել, ինչպես նաև ծախսել։ Դա ոչ էլ ռեստորան գնալու փող է։ Այս երկու տարվա ընթացքում և նույնիսկ նախքան ինձ հարցաքննության կանչելը Արաբկիրի նախաքննական մարմինը մանրակրկիտ ուսումնասիրել է իմ կյանքի ու գործունեության բոլոր մանրամասները, ընկերական շրջապատը, ընդհուպ մինչև՝ կազինո գնում եմ, թե ոչ, որպեսզի հասկանա, թե որտեղ կարող են լինել «յուրացրած» փողերը։Չեն գտել ու, բնականաբար, չէին էլ կարող գտնել։
Եվ եթե նրանք գոնե մի կասկածելի բան գտնեին իմ արարքներում, ապա ես 1,5 տարի կարո՞ղ էի մնալ ազատության մեջ՝ հաշվի առնելով նաև ներկայիս հայաստանյան իրավապահ համակարգի առանձնահատկությունները։
Եթե ես նման գումար յուրացրած լինեի և հիմա էլ փախած, ինչի՞ պետք է 1,5 տարի շարունակ պարտաճանաչորեն ներկայանայի նախաքննական մարմնին։ Կփախնեի էն գլխից։
Հիմա, երբ գործը տեղափոխվել է ավելի վերին ատյաններ, ինձ համար պարզ է, որ գոյություն ունի պատվեր՝ ինձ վրա հանցանք բարդելու։ Դա ինձ թույլ է տալիս ենթադրել, որ առկա է մեծ կաշառքի պահ, որի օգնությամբ Խեչոյան եղբայրները ցանկանում են կոծկել իմ ֆերմայի վրա կատարված ավազակային հարձակման փաստը և, ինձ հետապնդելով, ահաբեկելով՝ փորձել անել այնպես, որ ես հրաժարվեմ Արմեն Խեչոյանի կողմից ավազակային հարձակման ու հափշտակության վերաբերյալ հանցագործության հաղորդումից և իմ ունեցվածքը հետ ստանալու մտքից։ Դա չի լինելու. Խեչոյան եղբայրները հափշտակել են իմ ունեցվածքը և իրենք են ինձ պարտք ու վաղ թե ուշ փոխհատուցելու են ինձ պատճառված վնասների համար՝ թե նյութական, թե բարոյական»։