Ոստիկանության հիմնազուրկ բացատրություններն արդեն իսկ վկայում են, որ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Հայկ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ:
Կոնգրեսը նշում է, որ իրականում Հայկ Գևորգյանն ազատությունից զրկվել է բացառապես իր մասնագիտական գործունեության, այն է` իշխանությունների կատարած ապօրինությունները բացահայտելու և հանրության սեփականությունը դարձնելու պատճառով:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը հերթական մարտահրավերն է նետել Հայաստանում խոսքի ազատությանը:
«Գիտակցելով սպասվող քաղաքական, հասարակական ակտիվ գործընթացների վտանգավոր բնույթն իր համար, ինչպես նաև առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության անխուսափելի պարտությունը` վարչախումբն արդեն իսկ լծվել է իր հակաժողովրդավար բնույթը մերկացնող քաղաքացիների, լրագրողների չեզոքացման օպերացիայի իրականացմանը: Մենք կոչ ենք անում Հայաստանի և միջազգային լրագրողական շրջանակներին` իրենց համախմբված բողոքը արտահայտել Հայկ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան», – ասված է հաղորդագրության մեջ: