Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վերջին օրերին տեղացած առատ ձյան հետևանքները վերացնելու ուղղությամբ կոմունալ ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով, շրջայց է կատարել մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Շրջայցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է կենտրոնական և երկրորդական փողոցների ու մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքներին:
«Շրջայցի ժամանակ որոշ թերություններ նկատվեցին մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքներում: Բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հստակ հանձնարարական է տրվել, որ բակային տարածքներն ու մայթերը հնարավոր արագ մաքրվեն: Կենտրոնացվել են բոլոր ծառայությունները և հերթապահությամբ այդ աշխատանքները շարունակվեն շուրջօրյա»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Տարոն Մարգարյանը տեղերում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կենտրոնացնել համապատասխան կառույցների ամբողջ ներուժն ու վարորդների և հետիոտների համար ապահովել անվտանգ երթևեկ: Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով տարվող աշխատանքները`քաղաքապետը նաև հանձնարարել է աշխատանքները շարունակել շուրջօրյա ժամանակցույցով։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: