20 օրը մեկ 1,120,000 դրամ արժողություն ունեցող մեկ սրվակ «Հերցեպտին» դեղամիջոցի ևս յոթ կուրսը կօգնեն կրծքի քաղցկեղով տառապող 31-ամյա Ելենա Քալաշյանին լիովին կազդուրվել: Նշված դեղամիջոցի 12 կուրս անցած Ելենան մտահոգ է, որ մինչև փետրվարի 20-ը չի կարողանա հավաքել նշված գումարը և մինչ այժմ ստացած բուժումը ուղղակի անիմաստ կդառնա ու չի կարողանա հաղթահարել հիվանդությունը:
«Հայաստանյան դեղատներում այս դեղամիջոցը արժե 1,200,000 դրամ, սակայն պատահում է, որ արտասահմանից քիչ էժան գնով ուղարկում են: Երկու սրվակը ուղղակի նվիրել է Առողջապահության նախարարությունը, քանի որ նամակով դիմել էի առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, նա էլ միջնորդել էր, որպեսզի Առողջապահության նախարարությունը անվճար տրամադրի այդ երկու սրվակը: Մի փոքր աջակցություն եմ ստացել նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքի կողմից: Դիմել եմ շատ-շատ գործարարների, անհատների, կազմակերպությունների օգնությանը, սակայն որևէ մեկը օգնել չի ցանկացել: Վերջերս զանգահարեցին ՎիվաՍել ընկերությունից ու փոխանցեցին,թե մերժում են իմ խնդրանքը՝ պատճառաբանելով, որ մեծ գումարների հետ է կապված իմ խնդիրը, ու իրենք գումար տրամադրել չեն կարող: Նմանատիպ մեկնաբանությամբ նամակ ստացել եմ նաև Քաղաքապետարանից, իսկ մնացած որևէ մեկից որևէ պատասխան պարզապես չեմ ստացել: Ինձ օգնում են ընկերներս, բարեկամներս ու չնայած դրան, ընտանիքս բավական մեծ պարտքեր են կուտակել՝ ինձ օգնելու համար եղբայրս վարկեր է վերցրել բանկերում», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է Ելենան:
Ելենա Քալաշյանի մոտ 2010 թվականի դեկտեմբերին հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությունից հետո հյուսվածքաբանական հետազոտություններից պարզվել է, որ նորագոյացությունները ոչ միայն կրծքի վրա են, այլ նաև 18-ից 9-ը՝ ավշարային հանգույցների:
««Hercept Test»-ը ցույց տվեց, որ իմ կարցինոման ունի գենետիկական ծագումնաբանություն: Նման ցուցանիշների դեպքում քիմիոթերապիային զուգահեռ ինձ նշանակվեց «Հերցեպտին» դեղամիջոցը` 3.000 դոլար (1.120.000 դրամ) մեկ սրվակի համար արժողությամբ, ինձ անհրաժեշտ է կուրս, կազմված 18 սրվակից, յուրաքանչյուր կուրսը 20 օրը մեկ (հաջորդ կուրսը 20.02.2012թ), կազմում է 54.000 դոլար, որը Հայաստանում վաստակելու համար պետք է աշխատել 15 տարի, այն դեպքում, երբ այլ պետություններում “Հերցեպտին”-ը տրամադրվում է անվճար՝ պետբյուջեի հաշվին», – պատմել է Ելենա Քալաշյանը:
Ելենայի խոսքով՝ «Հերցեպտին»-ի ընդունման դեպքում իր հիվանդությունն ունի 95 տոկոս ապաքինման հավանականություն, սակայն բավական թանկ այս դեղամիջոցի համար բավարար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով բուժումը հետաձգվել է, ինչի արդյունքում ամբողջ օրգանիզմում մոտ 15 մետաստազներ են հայտնվել կմախքի վրա, լյարդում, թոքերում:
«Այժմ այդ 15-ից մնացել են երեքը, բուժումը ազդել և արդեն գնում եմ դեպի ապաքինում, հույս ունեմ, որ ամբողջ կուրս անցնելուց հետո լիովին կկազդուրվեմ», – ասել է նա: