«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանն այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր կալանավորումը, որը տեղի է ունեցել փետրվարի 3-ին, նախապատրաստել են 20 օր, ու նույնիսկ այդ պայմաններում ոստիկանությունն այն իրականացրել է սարսափելի խախտումներով:
Հիշեցնենք, որ Գևորգյանը մեղադրվում է հունվարի 13-ին քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ: Վերջինս հերքել է մեղադրանքները` նշելով, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում լրագրողական գործունեության համար:
Այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել հունվարի 13-ին, Հայկ Գևորգյանը պատասխանել է.
«Դա ամենայուղոտ կտորն է, դա պահել եմ հետագայի համար: Ես ճիշտն ասած սպասում էի, որ ինձ կբռնեն հունվարի 14-ին, հետո սպասում էի, որ կբռնեն 15-ին, որ չբռնեցին, մտածեցի կբռնեն 16-ին, ու էդպես ուղղակի ձգձգվեց ես ամեն օր պատրաստ էի: Տեսնում եք, ինձ տան մոտից են բռնել, ես տաք էի հագնված: Ես ընդհանրապես կասկած չունեի, որ իրենք բռնելու են, որովհետև այդ համակարգի ինտելեկտուալ մակարդակը, փառք Աստծո, լավ գիտեմ»:
Գևորգյանի խոսքով` ձերբակալությունն ավելի շատ նախազգուշացում էր, և խոսել է դրա պատճառների մասին:
«Իրենք մեծ ներկայացումներ են սարքում` ոստիկանապետ Վովա Գասպարյանը` սուպեր պոլիցեյսկի, և հանկարծ, ոմանք որոշում են, որ կարելի է իր մասին բացասական բաներ գրել: Նրանք էլ ուզում են ցույց տալ, թե ինչ է լինում իրենց մասին բացասական բաներ գրողների հետ: Ու, ինչպես տեսնում եք, ես կանգնած եմ ձեր առաջ` ողջ-առողջ», – ասել է Գևորգյանը` ընդգծելով, որ շարունակելու է նույն կերպ գրել:
Նա պատմել է, որ ձերբակալության պահին իրեն թույլ չեն տվել զանգահարել:
«Ես ուղղակի կատարելով իմ քաղաքացիական պարտքը` ասել եմ, որ ուզում եմ զանգահարել, որպեսզի իրենք ասեն` ոչ: Իրենք ասացին` ոչ, ասացի, շատ լավ: Ձերբակալելուց բռնություն չեն կիրառել, ուղղակի շատ սիրուն թատրոն են սարքել շենքի դիմաց», – ասել է Գևորգյանը:
Լրագրողները հետաքրքրվել են Գևորգյանից, թե արդյոք վերջինս գործում որպես տուժող անցնող Աշոտ Ֆրանգուլյանին «բլյադ» է անվանել, ինչպես վերջինս պնդում է:
«Ես էդ բառը ընդհանրապես չեմ օգտագործում, ու օգտվում եմ բացառապես հայերեն հայհոյանքներից», – ասել է Գևորգյանը:
Լրագրողներից մեկն էլ կատակել է` ժպտալով հարցնելով, թե որտեղ էր ինքը թաքնվում 20 օրվա ընթացքում` Գևորգյանը պատասխանել է.
«Երկու անգամ հինգշաբթի օրերին թաքնվել եմ կառավարությունում, երկու անգամ ասուլիսներում եմ թաքնված եղել, և ամեն օր թերթի էջերում»:
Լրագրողը պատմել է, որ կալանավայրում շատ հաճելի ժամանակ է անցկացրել: Իր խցում եղել են 8 հոգի, որոնք իրենց կյանքի մասին պատմել են Գևորգյանին:
«Ութ տարբեր ճակատագրեր, ութ մարդկային տիպաժներ : Շատ-շատ հետաքրքիր էր, կհավատա՞ք, շատ քիչ եմ քնել, որովհետև էնքան էի լսում, էդ մարդկանց խոսացնում: Քանի որ իմ գրիչը ձեռքիցս վերցրել էին, փորձել եմ ամեն ինչը հիշել, և հիշել եմ»,-ասել է Գևորգյանը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի բակում լրագրողների հետ զրուցել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով նշել է, որ Հայկի ազատության մեջ գտնվելը միանշանակ հանրային և լրագրողական բուռն արձագանքի արդյունք է:
«Իսկապես որևէ մեկը չէր կարող սպասել, որ Հայկի ձերբակալությունը այդպիսի մեծ արձագանք կստանա, Հայկն էլ հիմա տեղյակ չի, մենք իրեն հնարավորինս կարճ ժամկետներում կտեղեկացնենք վերջին երեք օրերին տեղի ունեցած բուռն իրադարձությունների մասին: Ես ուզում եմ «Հայկական ժամանակ» օրաթերթի անունից շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր սկզբունքային գտնվեցին, քաղաքացիական դիրքերի վրա գտնվեցին և ամեն ինչ արեցին, որպեսզի այս իրադարձությունը տեղի ունենա: Ես համոզված եմ, որ այս պատմության մեջ մենք շատ կարևոր բաներ բացահայտեցինք և շատ կարևոր արդյունքների հասանք», – ասել է Փաշինյանը: