ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սիրուհին` Միմի Ալֆորդը, գիրք է հրատարակել, որում գունավոր կերպով պատմում է «Ջեյ-Էֆ-Քեյի» հետ հարաբերությունների մասին:
«Կար չկար, մի գաղտնիք կար. կամ իմ կապը նախագահ Քենեդիի հետ» խորագրով գրքից որոշ հատվածներ հրապարակվել են ամերիկյան New York Post պարբերականում:
«Գաղտնիքի» հեղինակի և ԱՄՆ նախագահի միջև հարաբերությունները սկսվել են գրեթե 50 տարի առաջ` 1962 թվականի ամռանը, երբ Ալֆորդը, լինելով քոլեջի ուսանողուհի, պրակտիկա էր անցնում Սպիտակ Տան մամլո ծառայությունում:
Նախագահական վարչակազմում աշխատանքի չորրորդ օրը աղջիկը գնացել է լողավազան և այնտեղ ծանոթացել Քենեդու հետ, ով մշտապես լողում էր այնտեղ մեջքի ցավերը թեթևացնելու նպատակով: Քենեդին այդ ժամանակ 45 տարեկան էր, Ալֆորդը` ընդամենը 19: ԱՄՆ օրենքների համաձայն, նա դեռևս անչափահաս էր համարվում:
Նույն օրը` երեկոյան, նախագահի մտերիմ օգնականը` Դեյվ Փաուերսը, կանչել է Ալֆորդին իր երկու աշխատակցուհիների հետ Քենեդիի նստավայր: Այնտեղ նախագահը առաջարկել է Ալֆորդին իր հետ ննջարան գնալ, որից հետո էլ սկսվել է նրանց մտերմությունը: Գրքի հեղինակը պնդում է, որ Քենեդին իր կյանքի առաջին տղամարդն էր: Նախագահի և երիտասարդ աղջկա սիրավեպը տևել է 18 ամիս:
Սիրով զբաղվելու ժամանակ, ինչպես գրում է Ալֆորդը, Քենեդին սիրում էր խաղեր խաղալ և իրենց սեքսուալ կյանքը միշտ էլ «զվարճալի և բազմազան է եղել»: Միաժամանակ Քենեդին ոչ մի անգամ չի համբուրել նրա շուրթերը, իսկ նա այդ ողջ ընթացքում նրան ոչ այլ կերպ, քան «պարոն նախագահ» է դիմել:
1962 թվականին ծագած Կարիբյան ճգնաժամի ընթացքում, երբ աշխարհը միջուկային պատերազմի շեմին էր կանգնած, Ալֆորդը հիշում է Քենեդու խոսքերը. «Ավելի լավ է իմ երեխաները «կարմիր» լինեն, քան մեռած»,- ասել էր նախագահը` ձևափոխելով այդ ժամանակ Ամերիկայում հայտնի հակակոմունիստական կարգախոսը ` «Լավ է մեռած, քան «կարմիր»:
Քենեդիի և Ալֆորդի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 1963 թվականի նոյեմբերի 5-ին Մանհեթենում` նախագահի առեղծվածային սպանությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Այդ ժամանակ աղջիկը հայտնել է նախագահին, որ ցանկանում է ամուսնանալ, սակայն նախագահը պատասխանել է, որ ամեն դեպքում պատրաստվում է շարունակել հարաբերությունները Ալֆորդի հետ: Քենեդիի մահից հետո նա աշխատել է եկեղեցում որպես ադմինիստրատոր: