Home / Հայաստան / Կոալիցիոն ուժերը կապ չունեն ոստիկանության արածների հետ. Գևորգյանի կալանավորման մասին

Կոալիցիոն ուժերը կապ չունեն ոստիկանության արածների հետ. Գևորգյանի կալանավորման մասին

Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը  հորդորում է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորումը գոնե այս ժամանակահատվածում չկապել նրա լրագրողական գործունեության հետ: Այս մասին պատգամավորն ասել է շաբաթ օրը Epress.am-ի հետ կայացած հեռախոսազրույցում:

«Հուսանք նաև, որ մեր իրավաբաններն անաչառ քննություն կվարեն և իսկապես կպատժեն մեղավորներին: Իսկ բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում՝ ավելորդ չշահարկել ու լրագրողի անհարկի պիտակ չկպցնել՝ դրանով իսկ չազդել նախաքննության անաչառությանը», – ասել է նա:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Գևորգյանի նկատմամբ իրականացվածը կապված է նրա լրագրողական գործունեության հետ՝ Սահակյանը հորդորել է:

 

«Կոչ եմ անում զերծ մնալ նման որակումներից, քանի դեռ իրավապահ մարմինները վերջնական այս նախաքննությունը չեն վարել, չեն վերջացրել և ճշմարտությունը չի բացահայտվել և գնահատականները վերջնական չեն», – եզրափակել է նա:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծիք է հայտնել Հայկ Գևորգյանի  կալանավորումը լրագրողից վրեժ լուծելու քայլ չէ և լրագրողի վրա ճնշում գործադրելու փորձ չէ:

«Հայկին ես ճանաչում եմ երկար տարիներ և վստահ եմ, որ Հայկին բաց են թողնելու, կարծում եմ` լուրջ պատիժ չի սպառնում Հայկին: Ոստիկանությունը իր գործն է անում, այդ համակարգը անկախ է, և կոալիցիոն ուժերը, մասնավորապես, Հանրապետականը, կապ չունի ոստիկանության արածների հետ»,- ասել է Բիշարյանը:

Նշենք, որ Բիշարյանի ասուլիսի ընթացքում, որը սկսվել էր 11:00-ին, պարզ դարձավ, որ Հայն Գևորգյանի խափանման միջոցը փոխել են: 12:15-ի դրությամբ Գևորգյանին ազատ արձակեցին «Նուբարաշեն» մեկուսարանից: