Home / Հայաստան / ՀԱԿ-ը պահանջում է պատժել Գևորգյանի դեմ գործած սադրանքի մեղավորներին

ՀԱԿ-ը պահանջում է պատժել Գևորգյանի դեմ գործած սադրանքի մեղավորներին

Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է անմիջապես պատժել և քրեական պատասխանատվության ենթարկել իր քաղաքացիական ու մասնագիտական պարտքը կատարող լրագրող Հայկ Գևորգյանի դեմ գործված սադրանքի հեղինակներին: Այս մասին ասված է Կոնգրեսի այսօր տարածած հայտարարության մեջ:

«Իշխանության կողմից ձեռնարկված սադրանքը մամուլի ազատության դեմ ձախողվեց: Վարչախումբը չէր հաշվարկել, որ այս չորս տարիների ընթացքում Հայաստանում կայացել է քաղաքացիական հասարակություն, ում համար ժողովրդավարությունը և մամուլի ազատությունը դավանանք են:

 

Շնորհիվ հասարակության, լրատվական հանրության աննախադեպ համախմբման և ընդվզման հնարավոր դարձավ պարտադրել այս իշխանություններին` փոփոխել Հայկ Գևորգյանի խափանման միջոցը», – ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

Կոնգրեսը նաև կոչ է անում հասարակությանը, քաղաքական ուժերին և քաղաքացիական խմբերին գալիք ընտրություններից առաջ նույնքան զգոն լինել և համախմբված պայքարել ռեժիմի սպասվելիք սադրանքների դեմ:

Հիշեցնենք, որ Գևորգյանը մեղադրվում է հունվարի 13-ին քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ: Չնայած, որ ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել է հունվարի 20-ից, Գևորգյանին ձերբակալել են փետրվարի 3-ին: Ոստիկանության պնդումները, թե Գևորգյանին չէին կարողանում գտնել, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն անհեթեթ էր համարել, քնաի որ այդ ընթացքում Գևորգյանը հաճախել էր ասուլիսների և լուսաբանել ՀՀ կառավարության նիստերը: Փաշինյանն իր հայտարարության մեջ վրաերթը բեմադրված էր որակել:

Այսօր «Նուբարաշեն» ՔՀԿ-ից ազատարձակումից հետո Գևորգյանը նշել էր, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում լրագրողական գործունեության համար: