ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատությունները` 14 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ: Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 105-րդ տեղը մոտ 790 մլն, դրամ վճարման ցուցանիշով:
Երկրորդը` Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (149-րդ տեղ), երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (190-րդ տեղ) համապատասխանաբար 567,9 մլն. և 434.4 մլն. ցուցանիշներով:
Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 3 մլրդ 250 մլն. դրամ: