Մի քանի օր առաջ ՀՀ ԱԱԾ Կոտայքի մարզային ստորաբաժանման չորս աշխատակիցներ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված հրաժարականի դիմումներ են ներկայացրել, իր աղբյուրների վրա հղում կատարելով` գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Հիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածուներն են իշխող ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը:
Թերթը նշում է, որ ԱԱԾ սպաները հրաժարվել են կատարել քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի դեմ ուղղված ինչ-որ հանձնարարական։ Իրավիճակը շտկելու համար Հրազդան է մեկնել ԱԱԾ տնօրենի տեղակալներից մեկը, որը կարողացել է սպաներին համոզել՝ հետ վերցնել դիմումները` պայմանով, որ նրանց քաղաքական բնույթի հանձնարարականներ չեն տրվի։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է նաև, որ Հրազդանում լուրեր են շրջում, թե համոզվելով, որ Սասուն Միքայելյանի ընտրվելու շանսերը հսկայական են, իշխանությունները մտադիր են շրջանառության մեջ դնել չորս հազար կեղծ անձնագիր, որոնց միջոցով ընտրություն կկատարեն։