Home / Հայաստան / Այվազյանը չի առաջադրվի՞. «տղամարդ ման եկող» պատգամավորը խորհուրդ է տալիս «եզան տակ հորթ չփնտրել»

Այվազյանը չի առաջադրվի՞. «տղամարդ ման եկող» պատգամավորը խորհուրդ է տալիս «եզան տակ հորթ չփնտրել»

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանին Հանրապետական կուսակցությունում հասցրել են համոզել, որ վերջինս մեծամասնական ընտրակարգով չպետք է առաջադրվի 2012-ի խորհրդարանական ընտրություններին, գրում է «Երկիր»օրաթերթը:

Թերթի տեղեկություններով` հավանական է, որ Այվազյանը իր գործունեությունը շարունակի կառավարությունում:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Այվազյանը, մամուլի ասուլիսի ժամանակ դիմելով ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանին ասել էր.

«Տղամարդ եմ ման գալիս ձեր կուսակցությունից, որ նույն տեղում գա հետս դնի (նկատի ուներ` առաջադրվի – Epress.am)»:

Երեկ խորհրդարանում «Երկիր»-ի թղթակիցը հարցրել է Այվազյանին` արդյո՞ք նա չի փոշմանել ասուլիսի ընթացքում արված հայտարարության համար։

«Ես իմ ասածից ոչ մի անգամ չեմ փոշմանել», – նշել է Այվազյանը:

Նա նաև հայտնել է, որ Չարենցավանի ընտրատարածքում առաջադրվելու կապակցությամբ որոշումը դեռ վերջնական չէ, քանի որ դա կուսակցության որոշելիքն է: Այվազյանը խորհուրդ է տվել «եզան տակ հորթ չփնտրել և ենթադրություններ չանել»։

Իր՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնվելու մասին Այվազյանը ևս չի ցանկացել խոսել` դարձյալ նշելով, որ դա կուսակցության որոշելիքն է։