«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքները ուժի մեջ կմտնեն 2012 թվականի հունիսի 1-ից: Օրենքների ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները 2012 թվականի հունիսի 1-ից հետո իրավունք ձեռք կբերեն Հայաստանի տարածքում օգտագործելու նպատակով որպես անձը հաստատող փաստաթուղթ ունենալու Նույնականացման քարտ, իսկ օտարերկրյա պետություններ մեկնելու դեպքում որպես ճամփորդական փաստաթուղթ՝ նաև կենսաչափական տվյալներով անձնագիր (անձնագիրը պարունակելու է քաղաքացու աջ և ձախ ձեռքերի ցուցամատերի մատնադրոշմները):
Անձը հաստատող նշված փաստաթղթերը ստանալը ՀՀ քաղաքացիների իրավունքն է, այսինքն՝ կամավոր է. ուժի մեջ են գտնվելու նաև կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ հին նմուշի անձնագրերը, 2012 թվականի հունիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նաև ստանալ, փոխանակել հին նմուշի անձնագրերը կամ երկարաձգել դրանց վավերականության ժամկետը՝ միաժամանակ օգտագործելով այն թե Հայաստանի տարածքում և թե Հայաստանի տարածքից դուրս:
Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսված է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պարտադիր առկայություն, սակայն քաղաքացին հրաժարվում է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) և չի ստացել նույնականացման քարտ, ապա ոստիկանությունը վերջինիս տրամադրելու է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք կապահովեն քաղաքացու իրավունքների իրացումը:
Նույնականացման քարտ չստացած և սոցիալական քարտ չունեցող քաղաքացու ցանկությամբ Ոստիկանությունը վերջինիս կտրամադրի հանրային ծառայությունների համարանիշ՝ տեղեկանքի տեսքով:
Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման նպատակով «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքները ընդունվել էին Ազգային Ժողովի կողմից 2011թվականի նոյեմբերի 30-ին: