ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ով փետրվարի 3-ի երեկոյան ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, շարունակում է գտնվել այնտեղ ու որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության տակ։
Զինդատախազի առողջական վիճակի վերաբերյալ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը երեկ փորձել է պարզաբանումներ ստանալ «Նաիրի» բ/կ փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանից, ով, լսելով հարցը, անջատել է հեռախոսը։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը նույն խնդրի վերաբերյալ օրաթերթին ասել է, որ Գևորգ Կոստանյանի մոտ ճնշման տատանումներ են եղել, բայց այժմ նրա վիճակը լավ է։ Թե որքան երկար ՀՀ զինդատախազը կմնա բուժկենտրոնում, Հունանյանը չի ասել:
«Հրապարակ» օրաթերթը, հղում կատարելով հիվանդանոցի, ինչպես նաև Առողջապահության նախարարության իր աղբյուրների վրա, գրում է, որ իրականում զինդատախազն ինսուլտ է ստացել: