ՀՀ ճանապարհային ոստիկանության (ՃՈ) նախկին պետ Մարգար Օհանյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ հարցաքննվել է վերջին վկան` Նիկողայոս Եղիազարյանը: Հիշեցնենք, որ Օհանյանը, ինչպես նաև ՃՈ աշխատակիցներ Սմբատ Կարախանյանը, Արա Լևոնյանը և Սամվել Մախմուրյանը մեղադրվում են բենզինի յուրացման մեջ:
Նա եղել է ՃՈ վաշտերից մեկի հրամանատարը: Վերջինս, ինչպես և նախկինում հարցաքննված վկաները, նշել է, որ ստացել է քիչ բենզին, բայց հաշվետվություններում ներկայացրել է ավելի մեծ թիվ: Համաձայն վկայի, ինքը դա արել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի ցուցումով:
Վկայի խոսքով` քիչ բենզին ստանալն իրենց բացատրել են, որ դրա փոխարեն իրենց անվադողեր կտրվեն:
Ավարտելով բոլոր վկաների հարցաքննությունը` դատարանն անցել է մեղադրյալների հարցաքննությանը: Դատավոր Մխիթար Պապոյանն առաջինն անդրադարձել է մեղադրյալներից Սամվել Մախմուրյանին:
Մախմուրյանն ասել է, որ ունի ֆինանսական խնդիրներ և չի կարող փաստաբան վարձել, բացի դա, նա դատարանից ժամանակ է խնդրել, որպեսզի նախապատրաստվի ցուցմունք տալ:
Դատարանը բավարարել է նրա միջնորդությունը և դատական նիստը հետաձգել է` նշանակելով այն փետրվարի 14-ին, ժամը 11.30-ին: