ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը վերջին կես տարում հասել է առավելագույնի. այս մասին վկայում են The Washington Post-ABC-ի կողմից նախորդ շաբաթ անցկացված սոցհարցումների արդյունքները: Հարցումներն անցկացվել են այն ժամանակահատվածում, երբ Օբաման հերթական ճառով դիմել է ԱՄՆ-ի քաղաքացիներին:
Օբամայի ելույթը, որում նախագահը կոչ էր արել մեծացնել հարկերը շատ ավելի հարուստ ամերիկացիների համար, դուր է եկել ընտրողներին: Հարցվածների 60%-ից ավելին հայտարարել են, որ կարդացել կամ լսել են Օբամայի ելույթը, իսկ ամեն վեցերորդ քաղաքացի խոստովանել է, որ հավանություն է տալիս նախագահի առաջարկությունների մեծ մասին: 70%-ից ավելին հայտարարել են, որ կողմ են հարուստների համար հարկերը բարձրացնելու գաղափարին:
Այն հարցին` արդյոք Օբաման արժանի է վերընտրվելուն, հարցվածների 49 %-ը դրական պատասխան է տվել, ուղիղ այդքան մարդիկ էլ չեն ցանկացել կրկին տեսնել նրան Սպիտակ Տանը:
Փորձագետները կարծում են, որ ընտրություններին որոշիչ կլինեն դեռևս չկողմնորոշված քաղաքացիների ձայները:
Օբամայի հավանական հակառակորդներից է հանրապետական Միթ Ռոմնին, որի անհաջող արտահայտությունը` «աղքատներն ինձ չեն հուզում» բավական բարդացրել է նրա վիճակը: Այդուհանդերձ շաբաթ օրը Ռոմնին ևս մեկ քայլ է կատարել Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածուն դառնալու ուղղությամբ` հաղթանակ տանելով Նեվադա նահանգում անցկացված նախնական ընտրություններում:
Ամերիկացիների 52%-ը կարծում է, որ Օբաման ավելի լավ է հասկանում տնտեսական խնդիրների պատճառները և ճգնաժամից դուրս գալու ճանապարհները, և միայն 37%-ն է կարծում, որ այդ հարցն ավելի լավ կլուծեր 250 մլն դոլար կարողություն ունեցող Ռոմնին:
Հարցումներն անցկացվել են 2012 թվականի փետրվարի 1-4-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել են 1000 քաղաքացիներ, վիճակագրական անճշտությունը 4% է կազմում: