ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր Ազգային Ժողովում ներկայացրել է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագիծ:
Համաձայն օրենքի նախագծի, արտակարգ դրությունների ժամանակ Զինված ուժերը կարող են միջամտել իրավապահ մարմինների գործողություններին, եթե ծագած խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության և ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների միջոցով:
«Այսինքն, պաշտպանության ուժերը պահեստային ուժերն են, երբ առկա է այդ իրավիճակը, հայտարարված է արտակարգ դրություն: Բայց եթե սպառնացող վտանգները հնարավոր է չեզոքացնել ոստիկանության կամ Ազգային անվտանգության ուժերի միջոցով, ապա պաշտպանության զորքերը սրանց որևէ մասնակցություն չեն ունենալու: Այն դեպքում, եթե որոշվի, որ այդ ուժերը բավարար չեն այդ խնդիրների լուծման համար, այդ դեպքում միայն հնարավոր կլինի դա կիրառել: Այսպիսին է նաև միջազգային փորձը», – նշել է Թովմասյանը:
Միևնույն ժամանակ, Թովմասյանը չի բացառել, որ այստեղ կարող է հարց առաջանալ, թե արդյոք ՀՀ Սահմանադրությունը թույլատրում է պաշտպանության ուժերի օգտագործումը այս նպատակներով:
«Կանխելով նման հարցը` ասեմ, որ 2005 թվականին Սահմանդրության մեջ զետեղվեց հոդված, համաձայն որի ՀՀ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Ուղղակիորեն այս պարագայում արտակարգ դրության պայմաններում կա վտանգ նաև պետության անվտանգությանը և այս ուժերի օգտագործումը ուղղակիորեն համաչափ է, և բխում է Սահմանադրությունից», – ասել է նախարարը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը անթուլատրելի է համարել նախագիծը` նշելով, որ «մենք մեկ անգամ արդեն տեսել ենք 2008 թվականին, թե ինչ վտանգ է առաջանում»:
«Եթե ծավալները այնպիսին են, որը իսկապես համազգային չէ, ապա ոստիկանության և անվտանգության ուժերով շատ հանգիստ կարելի է դա կառավարել:
Հասարակության մասին է խոսքը գնում և ոչ թե ինչ-որ մի ահաբեկչական խմբի, կամ կրոնական, կամ ազգային: Առավել ևս Հայաստանում, որ 98 տոկոսից ավելը հայեր են, ըստ էության, մոնոէթնիկ ենք, այսպիսի խնդիր վատ երազում էլ չեմ պատկերացնում: Ցանկացած պարագայում այստեղ հստակ խոսքը գնում է միայն նրա մասին, որ իշխանությունը պահեն: Էդ դեպքում միանշանակ է, որը բանակը խառնել, ոը նաև հենց էդ բողոքող զանգվածի զավակներն են ծառայում, միանշանակ անընդունելի է, և բանակի խառնվելը կարող է կրքերը շատ ավելի բորբոքել», – ասել է պատգամավորը:
Արմեն Մարտիրոսյանին ի պատասխան` Թովմասյանն ասել է. «Աստված տա, որ դուք վատ երազներ չտեսնեք և այդ վատ երազները երբևէ իրականություն չդառնան: Պետության ներսում իրավունքների պաշտպանության երաշխիքները բավական հստակ ամրագրված են, և եթե ձեր ասած պարագայում մենք գործ ունենք իշխանության զավթման հետ, որը քրեորեն պատժելի արարք է, ապա այս պարագայում ևս գործում են այն ստանդարտ երաշխիքները, որոնք կան:
Ինչ վերաբերում է բանակի օգտագործմանը, հստակ սահմանվում է, որ բանակը կարող է օգտագործվել միայն այն պարագայում, երբ որ Ոստիկանությունն ու ազգային անվտանգությունը ի զորչու չեն իրենց առջև դրված այդ խնդիրները լուծելու», – ասել է Թովմասյանը:
Որպես օրինակ նա նշել է 1994 թվականի Չեչնիայի դեպքերը, երբ ռուսաստանյան տվյալ տարածք հատուկ ռեժիմ է մտցվել:
«Ես չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, կամ Աստված չարասցե, որ Հայաստանում երբևէ նման իրավիճակ ստեղծվի: Բայց նման զարգացումների պարագայում, ըստ էության, անխուսափելի է պաշտպանության զորքերի օգտագործումը ևս: Բայց այս օրենքը ձեր մտահոգությունը, կարծում եմ, պետք է փարատի: Եթե չի փարատում, կգտնենք այդ ձևակերպումները համաչափության սկզբունքի ավելի հստակ ամրագրման առումով, որ պետք չէ հրանոթով ծիտ որսալ», – ՀՀ Արդարադատության նախարարը: