Ռուսաստանյան հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ կարող է փակել «Առաջին ալիքի» եթերում հեռարձակվող իր հեղինակային հաղորդումը: Դա տեղի կունենա այն պարագայում, եթե գրաքննության հետ կապված իրավիճակը կրկնվի: Այս մասին Պոզները հայտարարել է Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Խոսքը փետրվարի 6-ին եթեր դուրս եկած հաղորդման մասին է, որի հյուրն էր հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին: Հաղորդման ընթացքում Պոզները հյուրին հարց է տվել այն մասին` արդյոք նա կարծում է, որ ինքը կարող է հարցազրույց վերցնել ընդդիմադիր գործիչ, հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնիից իր «Պոզներ» հաղորդման շրջանակներում: Թինա Կանդելակին պատասխանել է, որ «Առաջին ալիքում որոշումները կախված են «Առաջին ալիքի» ղեկավարներից»:
Ծրագիրն իր ամբողջական տարբերակով ցուցադրվել էր Հեռավոր արևելքում, որտեղ այն ուղիղ եթեր է հեռարձակվում: Բոլոր այլ շրջաններում թոք շոուն ցուցադրել են մոնտաժված տարբերակով:
«Եթե նմանատիպ մի բան կրկնվի, հնարավոր է ասեմ «Վերջ, հերիք է»»,-իրավիճակը մեկնաբանել է Պոզները` հավելելով, որ իր ծրագրերը «Առաջին Ալիքով» գրաքննության են ենթարկվում շատ հազվադեպ: