Վերլուծելով Հայաստանի նորագույն պատմության 2000 թվականից հետո ընկած ժամանակահատվածը և գործող վարչախմբի կառավարման «բարեփոխիչ» քայլերը` կարելի է վստահաբար ասել, որ նրանք Հայաստանում հաստատում են տնտեսական կառավարման նոր համակարգ` քրեա-ոստիկանական խանություն: Այս մասին ասված է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարության մեջ:
«2008թ. մարտի 1-ի սպանդից հետո, հետևելով Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթներին, տպավորություն էր ստեղծվում, որ նա փորձ է անում կանգնեցնել Ռոբերտ Քոչարյանի ձևավորած մարդու արժանապատվությունը ոչնչացնող համակարգը: Բայց իրականում ոչինչ չի փոխվում` վերջերս լրագրողի նկատմամբ գործ սարքելու փաստը հաստատեց նրա գործունեության իմիտացիոն բնույթը», – նշում են հաղորդագրության հեղինակները:
Ըստ նրանց` 2012թ. սպասվող ԱԺ ընտրությունների նախապատրաստական փուլը լրջագույն մտահոգություն պետք է առաջացնի հասարակության մոտ, մասնավորապես` իշխանությունների հայտարարությունը ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին, մեղմ ասած, կեղծ ու անհիմն է.
«Ինչպե՞ս կարելի է հավատալ նրանց կողմից առաջ քաշվող պնդումներին` կուսակցությունների ազատ մրցակցային հնարավորությունների մասին, երբ ընտրություններից ամիսներ առաջ կոալիցիոն կուսակցությունները, շրջանցելով օրենքները, «բարեգործությունների» անվան տակ ընտրակաշառքներ են բաժանում, իսկ արդեն ընտրության նախաշեմին` իրենց գործելաոճին համապատասխան, առգրավում են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակը»:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը մտահոգված է, որ իշխող վարչախումբը իր անպատասխանատու քայլերով մարտի 1-ի կրկնության հնարավորություն է ստեղծում, ինչը կործանարար կլինի Հայաստանի պետականության համար:
Այնուամենայնիվ, կուսակցությունը գտնում է, որ իշխանությունները դեռևս ժամանակ ունեն, թեկուզ ուշացած, հետևություն անելու, հակառակ պարագայում` նման զարգացումների դեպքում «համոզված ենք, որ Հայաստանի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերը, որոնց առաջին շարքերում կլինի «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, կուղորդեն հասարակության արդարացի ցասումը` Հայաստանում հաստատելու Սահմանադրական կարգը»: